Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Անուշկա Մարգարյանն, ով այժմ իրեն փորձում է թատրոնում:
«Շատ պատահական Անահիտ Մութաֆյանի կողմից առաջարկ ստացա խաղալ Գյումրվա հումորի թատրոնի «Վաճառեք ձեր ամուսնուն» ներկայացման մեջ, որի համար շատ ուրախ եմ, քանի որ մասնագիտությամբ դերասանուհի չեմ և չնայած հեռուստասերիալների միջոցով բավականին փորձ ունեմ, սակայն թատրոնում ներկայանալը մեծ պատասխանատվություն է: Ի դեպ՝ «Վաճառեք ձեր ամուսնուն»-ն առաջինը կներկայացվի արցախցիների համար՝ բարեգործական հիմունքներով»,- նշեց Անուշկան ու շարունակեց.
«Պետք է ասեմ, որ սկզբում շատ լարված էի, սակայն ճիշտ ու պրոֆեսիոնալ մասնագետների՝ ստեղծագործական կազմի, հատկապես բեմադրող ռեժիսոր Արշակ Սարյանի շնորհիվ գնալով հաղթահարում եմ ավելորդ լարվածությունն ու փորձում ամեն բան անել, որպեսզի արդարացնեմ ինձ վստահողների սպասելիքները: Թատրոնը դուբլների հնարավորություն չի տալիս, սխալվելու իրավունք պարզապես չկա, ինչի ուղղությամբ էլ և հիմա աշխատում եմ: Այս հարցում ինձ օգնում են նաև ներգրավված դերասաններ Անահիտ Մութաֆյանը, Մկրտիչ Վարդանյանն ու Արմեն Թովմասյանը: Ես չգիտեմ, թե ինչպես եմ հաղթահարելու այս փորձությունը, բայց ամեն ինչ կանեմ լավ արդյունքի հասնելու համար»:
Անուշկա Մարգարյանի խոսքով՝ մեծ սիրով կցանկանար, որպեսզի հետագայում որպես հաստատված դերասանուհի աշխատեր թատրոններից մեկում, սակայն այդ պարագայում անգամ չի հեռանա հեռուստաէկրաններից.
«Ես կինոն շատ եմ սիրում: Ինձ լիարժեք եմ զգում՝ որպես կիոնյի դերասանուհի: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է, որը նաև շատ հարազատ է»,- ընդգծեց նա:
Անուշկա Մարգարյանի կերպարային գիծը վերջերս ավարտվեց «Առաջնորդները» հեռուստասերիալում: Գրեթե մեկ ու կես տարի դերասանուհին աշխատեց այստեղ՝ մարմնավորելով խենթ Կարմենին: Ամփոփելով իր աշխատանքը «Առաջնորդներում» Անուշկան նշեց.
«Պետք է ասեմ, որ Կարմենի կերպարը շատ-շատ եմ սիրել: Նա շատ բարդ կերպար էր, քանի որ իր մեջ կրում էր բազմագույն գծեր ու էմոցիաներ: Ու թեև նա բացասական հերոս էր, հաճելի էր, որ նրան սիրեցին: Գիտեք, երբ քո իրական տեսակը կապ չունի հերոսուհուդ հետ, շատ ավելի բարդ է նրան մարմնավորելը: Այդ պարագայում բոլորովին նոր մարդ ես կերտում՝ նոր բնավորությամբ ու անգամ միմիկայով: Սկզբում մտավախություն ունեի, մտածում էի՝ հնարավոր է ինձ մոտ չստացվի, բայց կոտոշներով առաջ գնացի: Նաև նշեմ, որ նկարահանման հրապարակում ինձ մեծ օգնություն են ցուցաբերել ավագ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանը և Աիդա Բաբաջանյանը: Ի դեպ՝ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Դիանա Գրիգորյանին, ով ստեղծեց Կարմենի կերպարն ու ինձ վստահեց նրան»:
Անուշկան նկատեց նաև, որ երբեք չի բախվել տարածված խնդրին, երբ հերոսներին նույնացնում են դերասանների հետ:
«Միշտ անծանոթ մարդիկ առաջին հայացքից հետո խոստովանել են, որ իրականում շատ ուրիշ եմ ու նման չեմ կերպարիս: Միայն մեկ անգամ է պատահել, երբ ինձ մոտեցավ մի աղջիկ ու լայն ժպիտով խոստովանեց՝ «Գիտե՞ք, մամաս ձեզ օրվա մեջ քանի անգամ ա թաղում», բայց, իհարկե, մենք ծիծաղեցինք ու անցանք»,- պատմեց դերասանուհին:
Անուշկայի հերոսուհին՝ Կարմենը, ինքնասպանություն գործեց: Հարցին, թե հերոսուհու պարագայում ինքն ինչպե՞ս կվարվեր, պատասխանեց.
«Կարմենի փոխարեն՝ Անուշկան ուղղակի կհեռանար: Երբեք պետք չէ ընկնել տղամարդու հետևից, երբեք պետք չէ սեր մուրալ ու առհասարակ՝ պետք չէ ինչ-որ բան մուրալ: Եթե որևէ մեկը քեզ սեր չի տալիս և չի էլ ընդունում քո սերը, ապա պետք է ուղղակի հեռանալ: Մարդիկ ազատ են իրենց ընտրության ու որոշումների մեջ, չես կարող ստիպելով ինչ-որ բանի հասնել: Կարմենը ինքնասպասնություն գործեց, ինչին ես դեմ եմ: Միևնույն ժամանակ, մեզնից ոչ մեկ չի կարող վստահաբար ասել, թե հոգեկան ծանր իրավիճակում ինքն ինչի ընդունակ կլինի: Պետք չէ քննադատել մյուսների քայլերը՝ մինչև չես հայտնվել նույն իրավիճակում: Պարզապես պետք է այնքան գիտակից լինել, որ չթողնես կյանքդ հասնի այն կետին, որի ժամանակ չհասկանաս քայլերիդ լրջությունը»:
Հաջորդիվ դերասանուհին կցանկանա նոր ու Կարմենից տարբերվող հերոսուհու կերտել, բայց մինչ այդ կփորձի կարճ ժամանակով դադար վերցնել, որպեսզի թե հեռուստադիտողը հանգստանա, թե ինքը: