Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:
Երևանյան ակումբի նոր սեփականատերը դարձել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը:
Արթուր Սողոմոնյանը խոստացել էր, որ ակումբում մեծ փոփոխություններ են սպասվում, այդ թվում՝ հնարավոր է,որ փոխվի նաև ակումբի անունը:
Իր այս միտքը Արթուր Սողոմոնյանը հաստատել է նաև լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ակումբի նախկին ղեկավարներին՝ Արթուր Սողոմոնյանը նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի միջամտի ակումբի ներքին գործերին, և նրա հետ շփումները կլինեն՝ միայն որպես ՀՖՖ նախագահ: Ակումբի մարզական գործերով կզբաղվի Արմեն Գյուլբուդաղյանցը:
Արթուր Սողոմոնյանը նշում է, որ հիմա նոր ղեկավարությունը զբաղվում է ակումբի անվան փոփոխության հարցերով: Երկար տարիներ է, ակումբը կոչվում է «Փյունիկ», և այդ իսկ պատճառով եվրագավաթների հետ կապված խնդիրներ կան:
Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը», ամենայն հավանականությամբ, կկոչվի «Արագած»: Սակայն Արթուր Սողոմոնյանը նշում է, որ քննարկվում են ևս մի քանի տարբերակներ:
Ըստ Արթուր Սողոմոնյանի՝ իրենց առաջնային նպատակը կրկին Հայաստանի չեմպիոն դառնալն է: Լուրջ աշխատանքներ են տարվելու թիմի կազմի հետ, մասնավորապես՝ հրավիրվելու են լեգեոներներ: Սկզբնական շրջանում թիմում կլինեն 3-4 լեգեոներ, իսկ հետո նրանց թիվն ավելի կմեծանա:
Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ թիմի նոր ղեկավարությունն արդեն ունի նպատակներ առաջիկա 3-5 տարիների համար: Օրինակ՝ տարեկան 1-2 միլիոն եվրո ներդրում է կատարվելու մարզադպրոցի վրա:
Արթուր Սողոմոնյանը նշում է, որ չնայած ինքը հիմնականում երկրում չի լինելու, անընդհատ տեղյակ է լինելու ակումբից և զբաղվելու է ակումբի հարցերով:
Ի դեպ, Արթուր Սողոմոնյանը տեղեկացրեց, որ հնարավոր է՝ ակումբի կառավարման համակարգում ընդգրկվի Խորեն Հովհաննիսյանը, սակայն սա դեռ հստակ չէ:
Սիրարփի Աղաբաբյան