Սենթ-Քիթս և Նևիսի գլխավոր մարզիչ Ժակ Պասիին Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին՝ մինչ այդ հայերենով բարևելով ներկաներին.
«Իմ աշխատանքն էր հետևել մեր մրցակիցների խաղերին, ինչպես նաև Հայաստանի հավաքականին: Եղանակը մեզ համար շատ լավն է, այն նման է այն եղանակին, որը մենք ունենք Սենթ-Քիթսում:
Սենթ-Քիթս և Նևիսի կազմում երկու տիպի խաղացողներ կան: Նախ, մենք ունենք ներքին առաջնություն, որում շատ տաղանդավոր խաղացողներ են հանդես գալիս: Իհարկե, այնքան էլ հայտնի չեն աշխարհում:
Մյուս կողմից, մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք չեն ծնվել Սենթ-Քիթսում, բայց նրանց ծնողները Սենթ-Քիթսից են: Այս հավաքականը, որը ժամանել է Հայաստան, 13 ֆուտբոլիստ ունի, որոնք ծնվել են Սենթ-Քիթսից դուրս: Փաստորեն, սա մեր երկրում և երկրից դուրս ծնված խաղացողների հավաքական է:
Մեզ համար յուրաքանչյուր խաղ կարևոր է՝ մեր նպատակներին հասնելու համար:
Մեզ համար շատ մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հետ: Կձգտենք մրցունակ տեսք ունենալ:
Հաշիվը մեզ համար կարևոր է՝ անկախ հանդիպման կարգավիճակից: Յուրաքանչյուր խաղ կարևոր է մեզ համար նաև արդյունքի տեսանկյունից: Ես Մեքսիկայից 11 հազար կմ չեմ կտրել անցել՝ հասնելով Հայաստան, և թիմը՝ Սենթ-Քիթսից 10 հազար կմ, որպեսզի չմտածի դրական արդյունքի մասին: Ես հավատում եմ, որ մեզ համար աճելու տարբերակը տարբեր խաղաոճերի թիմերի հետ մրցելն է: Եթե մենք մրցենք միայն Կարիբյան ավազանի հավաքակնների հետ, աճ չենք գրանցի:
Չենք պատրաստվում վախենալ: Ես ցանկանում եմ լինել մրցունակ և իմ թիմին մրցունակ տեսնել, չնայած նրան, որ խաղալու ենք ակնհայտորեն մեզանից ուժեղ մրցակցի դեմ:
Հայաստանի հավաքականից ես ակնկալում եմ, որ կտեսնեմ նրա լավագույն խաղը, որպեսզի ուժեղ մրցակցի հետ խաղում տեսնենք մեր իրական մակարդակը:
Իհարկե, մեր ցանկությունն էր խաղալ Հայաստանի հավաքականի հետ: Ես շատ եմ ցանկանում մրցել ուժեղ մրցակիցների հետ: Երկու տարի առաջ մենք մրցեցինք Անդորայի հետ և հաղթեցինք, հետո պարտվեցինք Էստոնիային: Ամեն դեպքում, եվրոպական թիմերի հետ խաղալը շատ կարևոր փորձառություն է մեզ համար:
Մեկ տարի առաջ չէի մտածի, որ կտեսնեմ Հայաստանը, բայց կյանքում պետք է օգտվես այն մարտահրավերներից, որոնք ընձեռնվում են քեզ:
Իմ աշխատանքն է նայել մրցակից թիմերի բոլոր խաղերին: Սա Սենթ-Քիթսն ընդդեմ Մխիթարյանի խաղը չէ, այլ Սենթ-Քիթսն ընդդեմ Հայաստանի հավաքականի: Պետք է ուսումնասիրենք բոլոր ֆուտբոլիստներին:
Թե ինչպիսի պլանով ենք խաղալու, կտեսնեք վաղը: Գիտեմ, թե ով է Մխիթարյանը: Գիտեմ, թե նա վերջերս ինչ նվաճման է հասել ՄՅՈւ-ի կազմում: Գիտեմ, թե որքան գոլ և գոլային փոխանցում է կատարել, գիտեմ, որ մենք մրցելու ենք ավելի լավ թիմի հետ, քան՝ մենք ենք: Իմ խաղային մարտավարությունը երբեք իրենից չի ենթադրում հսկողություն միայն մեկ ֆուտբոլիստի նկատմամբ: Հայաստանի հավաքականը շատ լավ ֆուտբոլիստներ ունի, Արթուր Պետրոսյանից հետո ես շատ նկատելի դրական փոփոխություններ եմ նկատում: Ես երբեք չեմ ընկրկում հեղինակությունների առաջ, որոնք առկա են մրցակցի թիմի կազմում:
Արդյոք ցունամի կլինի՞ Սենթ-Քիթսում, եթե մենք վաղը հաղթենք: Եթե մենք հաղթենք, կնշանակի, որ Հայաստանի հավաքականը կպարտվի մի երկրի, որի բնակչությունը 3 անգամ է գերազանցում Հանրապետական մարզադաշտի տարողությանը. մենք 45 հազար բնակչություն ունենք: Եթե մենք հաղթենք, մեզ համար դա շատ կարևոր կլինի, իհարկե՝ անակնկալ»,- նշեց մարզիչը:
armsport.am