Չե՞ս պարի ինձ հետ…
Advertisement 1000 x 90

Չե՞ս պարի ինձ հետ…

Ռեժիսոր Արմեն Էլբակյանը վերջին 4-5 տարիների իր ռեժիսորական աշխատանքները հիմնականում նվիրել է Վիլյամ Սարոյանին: Տարբեր թատրոններում բեմադրել է 5 ներկայացում՝ Սարոյանի գործերի հիման վրա: Պատճառն ամենևին էլ Սարոյանի 100-ամյակը չէ, ռեժիսորը պարզապես շատ բարձր է գնահատում հեղինակին…

Վերջերս բեմադրված «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը մի վարկած է՝ ստեղծված «Ձեր կյանքի ժամանակը», «Իմ սիրտը լեռներում է», «Ցուրտ օր» և մի քանի այլ պատմվածքների հիման վրա: Ներկայացումը Բուդապեշտում ցուցադրվել է փետրվարի 23-ից մարտի 2-ն անցկացվող «ԱրքուսՖեստ» միջազգային փառատոնի շրջանակներում:

«Փոխվել է ժամանակի ռիթմը: Ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ մարդիկ ավելի շատ ընկնում են շոուների ետևից, քան թատրոնի: Դա է պատճառը, որ ես ավելի շատ գնում եմ վարկածների ճանապարհով, քան ամբողջական պիեսները բեմադրելու»,- ասում է Արմեն Էլբակյանը… Նրա կարծիքով, պետք է վերադառնանք հեղինակային թատրոնին, որտեղ ռեժիսորը ներկայանում է ոչ միայն որպես բեմադրիչ, այլ նաև վարկածի հեղինակ, գեղարվեստական նյութի մեկնաբան ու համահեղինակ:

«Չե՞ս պարի ինձ հետ» խտացված ներկայացման մեջ բախվում են տարբեր ճակատագրեր, որտեղ չորս հերոսներին մարմնավորում են Աննա և Արմեն Էլբակյանները: Աննան միևնույն ժամանակ մարմնավորում է Սարոյանի ամենավառ կերպարներից երկուսին՝ մարմնավաճառ Քիթի Դյուվալին և հասարակությունից դուրս քշված 13-ամյա Թոմին: Երկուսն էլ հավաքական կերպարներ են: «Սարոյանի գրեթե բոլոր պիեսներում մենք հանդիպում ենք նույն տղային: Ինձ թվում է, որ հեղինակն իր մանկության տարիներին մի շրջան ապրել է այդ հոգեվիճակը: Ե՛վ Թոմի, և՛ Դյուվալի կերպարներն իրական կյանքից են, որոնք այսօր ապրում են մեր կողքին,- ասում է Աննա Էլբակյանը,- Դժվար էր միևնույն ժամանակ կերտել երկու շատ բարդ հոգեվիճակում գտնվող կերպարներ: Փոքրիկ տղայի կերպարում կարևորել եմ ո՛չ թե գրիմը կամ սանրվածքը, այլ՝ ներքին կերպարանափոխումը: Ներկայացման ժամանակ ես զգում եմ, մտածում, ուրախանում, լաց լինում ու ապրում եմ այդ տղայի նման… Կան կանայք, ովքեր կարողանում են տղամարդկանց կյանքում մեծ շրջադարձ կատարել: Այդպիսի կերպար է Քիթի Դյուվալը, ում հետ հանդիպումը շատ բան փոխեց պիեսի հերոսի՝ Ջոյի կյանքում»:

Արմեն Էլբակյանը մարմնավորում է հեղինակին՝ Սարոյանին, և մի մարդու, ով ապրում է իրական կյանքում, առել է ամեն ինչի համն ու հոգնել է այս կյանքից: Երբ Ջոն գեղեցկության մի նշույլ է գտնում մարդկանց հոգում կամ ինչ-որ բանի մեջ, որտեղ, թվում է, կեղտն ու մահը պետք է բուն դրած լինեն, հասկանում է, որ կյանքը լի է անսպառ բարությամբ: Նա փորձում է օգնել մարդկանց՝ գտնել իրենց տեղն այս կյանքում: Արմեն Էլբակյանը խոստովանում է, որ դեռ երիտասարդ տարիքից երազել է այս դերի մասին: «Չնայած Սարոյանն ապրել է Միացյալ Նահանգներում ու գրել է անգլերեն, բայց որպես հայ մարդ ու արևելյան փիլիսոփա՝ ստեղծել է շատ հետաքրքիր թատերական գեղագիտություն, բարձրացրել է համամարդկային խնդիրներ: Նրա գրականության մեջ տեսնում ենք աշխարհի խտացված մոդելը, որը լցված է բարության ու սիրո կարիքով»: Ներկայացումից հետո ընկերների ու հանդիսատեսի շրջանում կազմակերպված քննարկման արդյունքում ռեժիսորը համոզվել է, որ ներկայացումն իր դրական խնդիրը կատարում է, սարոյանական սերն ու բարությունը փոխանցվում է հանդիսասրահ:

«Այսօր սերիալներն այնքան են ներթափանցել մեր կյանք, որ մարդիկ ուզում են՝ անընդհատ ինչ-որ բաներ կատարվեն: Ներկայացման մեջ չկա գործողություն, որին անհամբեր կհետևես: Սարոյանն ուղղակի ճշմարտություններ է հղում կյանքի մասին, ուզում ես՝ լսիր, չես ուզում՝ մի լսիր»,- ասում է Աննա Էլբակյանը: Արմեն Էլբակյանն էլ չի կարծում, որ գործողության շատ լինելը հաջողության գրավականն է, որովհետև թատրոնում խիստ կարևոր է հոգեվիճակը. «Մի հայացքը ավելի խորիմաստ կարող է լինել, քան հազար անգամ պարելն ու գետնին տապալվելը»… Նրա կարծիքով, շատ ավելի հեշտ է հայհոյել Սարոյանին՝ ասելով, որ նա բարդ է, ու նրա պիեսներում գործողություն չի կատարվում. «Իրականում, նրա գործերում կատարվող գործողությունները թե՛ ներքին են, թե՛ արտաքին: Շատ-շատերն, ովքեր չեն կարողանում ծանրաձողը բարձրացնել, ասում են, թե Սարոյանը լավ դրամատուրգ չի… Հասկանալի է, որ նրանց կենցաղային մտածողությանը Սարոյանը չի համապատասխանում, որովհետև մի բան է կենցաղային մտածողություն ունենալը, մեկ այլ բան՝ արվեստում կենցաղայինը ներկայացնելը: Իսկ Սարոյանը ամենակենցաղային գրողն է, որովհետև յուրաքանչյուր նշանի տակ անգամ մենք տեսնում ենք մեզ շրջապատող մարդկանց և մեր իրականության ճշմարիտ պատկերը»:

Անի Մնացականյան

«3 Միլիոն»