Օրերս Անդրանիկ Հարությունյանն ու Ռաֆայել Երանոսյանը, կամ ինչպես ընդունված է նրանց ասել՝ Անդոն ու Ռաֆոն երկարատև դադարից հետո կրկին նոր նախագծում են հանդես եկել: «DepuTati show» հումորային երաժշտական ներկայացմանն ընդառաջ՝ նրանք ներկայացրել են այս նախագծի շրջանակում առաջին հումորային տեսահոլովակը, որն ակնարկում է, թե ինչ է սպասվում հանդիսատեսին:
Life.panorama.am–ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը պատմեց նոր տեսահոլովակի և «DepuTati show» հումորային երաժշտական ներկայացման մանրամասների մասին:
«Կարծում եմ՝ հանդիսատեսի համար արդեն իսկ հետաքրքիր ու նորություն է, որ ես ու Ռաֆոն կրկին միասին ենք հանդես եկել, քանի որ երկու տարի էր, ինչ միևնույն հեռուստանախագծերում չէր ստացվում ներկայանալ: «DepuTati show»-ն ներկայացմամբ և տեսահոլովակով հանդերձ՝ իմ լավ ընկեր, կնքահայր ու տաղանդավոր մարդ Արմեն Վարդանյանի մտահղացումն է, թեև սցենարական հարցերով փորձում ենք մենք էլ մասնակցություն ունենալ: Անկեղծ ասաց՝ այս ներկայացման հետ կապված սկզբում այլ մտքեր կային, ուրիշ դերասաններ պետք է ներգրավված լինեին, սակայն հետո երկարատև քննարկումներից ու ծանրութեթև անելուց հետո, որոշվեց, որ հիմնականում կներկայանանք ես ու Ռաֆոն, իսկ կողքից կլինեն նաև մի քանի օգնող դերասաններ: «DepuTati show»-ին երկար ենք սպասել, այժմ սցենարական աշխատանքների վերջին փուլն է ընթանում, հավանաբար սեպտեմբերին այն արդեն կներկայացնենք հանդիսատեսի դատին»,- նշեց Անդոն, և պատմեց տեսահոլովակի մասին.
«Մինչ ներկայացումը, հավանաբար կլինեն ևս երկու նման տեսահոլովակներ, այնպես որ, սա մեկնարկն էր: Դրանցից մեկը 6/8 չափի երաժշտություն է, մյուսը՝ կրկին ռեփ, որոնք ևս ընդգրկված կլինեն ներկայացման մեջ: Ինչ վերաբերվում է առաջին՝ արդեն հրապարակված տեսահոլովակին, որն, ի ուրախություն մեզ, մեծ իրարանցում առաջացրեց, խոսքերի հեղինակն է Արմեն Վարդանյանը, երաժտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, ով նաև ներկայացման երաժշտական մասի պրոդյուսերն է: Այս տեսահոլովակում մեր կերպարների համար անչափ շնորհակալ եմ դիմահարդար Ադանեին, ով կարողացավ մեզնից լրիվ ուրիշ կերպարներ ստանալ: Ասեմ, որ շատ մտքեր ունեինք այս տեսահոլովակի համար, մեկը մեկից հետաքրքիր, բայց ի վերջո հանգեցինք սրան, որն, ըստ իս, լավագույն տարբերակն էր: Ի դեպ՝ տեսահոլովակի ռեժիսորը Արշո Հարությունյանն է, ում շատ շնորհակալ ենք այսպիսի գործ ստանալու համար»,- պատմեց դերասանը:
Անդոն նկատեց նաև, որ մի քանի օր է, ինչ երգը հասանելի է համացանցում, բայց արդեն իսկ մեծ տարածում է գտել.
«Այս օրերին միայն լավ արձագանքներ ենք լսել, ինչից էլ ավելի ենք ոգևորվել: Ինձ համար շատ ուրախալի է նաև այն, որ երգը լսվում է քաղաքի մեքենաներում, այն կարծես թե հիթ է դառնում»,- նշեց նա:
Վերջում, հարցին, թե դժվար չէ՞ր արդյոք ռեփով հանդես գալ, դերասանը կատակելով պատասխանեց.
«Տաղանդավորները ուրիշ են: Մարդ պետք է իմ նման տաղանդավոր լինի, որ էս կյանքում կարողանա ինչ-որ բանի հասնել»: