Հունիսի 8-ին կկայանա Տիմատի անվճար մենահամերգը։ Այս մասին երգիչը վիդեոուղերձով հայտնել էր իր Ինստագրամի էջում: Այսօր լրագրողների հետ զրույցում համերգի կազմակերպիչ Jet Set ընկերությունը մանրամասներ է հայտնել կայանալիք համերգից:
«Համերգային ծրագրի փոփոխություն է լինելու, այն ավելի երկար կտևի նախատեսվածից, ավելի մասշտաբային է լինելու: 1 ժամ 40 րոպե տևողությամբ համերգ է լինելու բոլոր երևանցիների և Տիմատիի երկրպագուների համար»,-նշում է Jet Set ընկերության համերգի կազմակերպիչ Արմինե Խախամյանը։
Կազմակերպիչները նշում են, որ համերգից առաջ ռուս DJ է նվագելու, որից հետո Տիմատին կբարձրանա բեմ: Իսկ այն հարցին՝ արդյոք չի կրկնվի նախորդ համերգի խնդիրը, պրոդյուսեր Արմեն Մովսեսյանը պատասխանեց. «Առհասարակ, ֆորս մաժորների համար չեն կարող երաշխիքներ լինել։ Հավատացնում ենք, որ հունիսի 8-ին լավ համերգ է սպասվում»:
Անդրադառնալով նախորդ համերգի պատճառներին՝ ընկերության տնօրեն Արմեն Ալեքսանյանը նշեց. «Թե ով էր մեղավոր, ոչ ոք չի կարող ասել։ Շատ մարդ կար, ովքեր կարող էին ջուր լցնել բեմի վրա, որի արդյունքում ջուրը թափվել էր հիշողության կրիչի վրա, և այն վառվել էր: Փոփոխելու ժամանակ չէր եղել, քանի որ այնտեղ մի ամբողջ ծրագիր էր հավաքված: Մեզ համար էլ դա տհաճ միջադեպ էր: Իսկ ամսի 8-ին կկայանա աննախադեպ համերգ, առաջին հերթին նրանով, որ Երևանում այսքան որակով ձայնային տեխնիկա չի եղել»:
Ամբողջությամբ՝ blognews.am