Հունիսի 3–ին Երևանում իշխում էին Իվան Դորնի ռիթմերը։ Կայացավ 28-ամյա ուկրաինացի երգիչ, դիջեյ ու հեռուստահաղորդավար Իվան Դորնի համերգը Երևանում։ Սա նրա առաջին հանդիպումն էր հայ երկրպագուների հետ։ Մինչև բուն համերգը նվագեց DJ Guevo–ն։
Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։
Երգիչը շատ արագ սիրեց հայ հանդիսատեսին։ Առաջին իսկ երգից նրան դիմավորեցին ջերմ ծափերով, իսկ ռիթմերը ստիպեցին հանդիսատեսին պարել առաջին իսկ նոտաներից։ Սա ոգևորեց Դորնին։ «Հազվադեպ է նման բան լինում։ Սովորաբար մի քանի երգ է պահանջվում, մինչև հանդիսատեսը «տաքանա», իսկ դուք առաջին իսկ երգից շատ ակտիվ եք։ Շնորհակալ եմ, որ հավաքվել եք։ Մենք շատ երկար եկանք ձեզ մոտ, բայց վստահ եմ, որ այսուհետև ավելի հաճախ կհանդիպենք»,– նկատեց Դորնը։
Դորնի ռիթմերը հանդիսատեսին ստիպեցին այնպիսի ժամանակ անցկացնել, որ ելույթի ավարտից հետո երկրպագուները հրաժարվում էին հեռանալ։ Նրանք ծափահարեցին այնքան, մինչև Դորնը վերադարձավ բեմ և ևս մեկ կատարում նվիրեց երկրպագուներին։ Վերջում երկրպագուները բարձրացան բեմ, լուսանկարվեցին սիրելի արտիստի հետ։ Այս մասին երգիչն Ինստագրամում էլ գրառում արեց. «Հին հայկական ավանդույթ կա. երբ մի հայ թռչում է բեմ, և դու նրան գրկում ես, սկսում ես պարել իր հետ, մյուսները նույնպես բեմ են բարձրանում:)»։
Ի դեպ, երգչի երկրպագուների շարքերում նաև հայտնի մարդիկ կան` Գարիկը, Դիանա Շատվերյանը, Աննա Գրիգորյանը, Էմմա Հակոբյանն ու «Վիտամինցի» Վանը, Արմեն Գալյանը և այլք։
Ամբողջությամբ՝ life.tert.am