Fithacker.ru-ն գրում է, որ թոքերի քաղցկեղը մահացության ամենատարածված պատճառներից է։ Այդ պատճառով չափազանց կարևոր է իմանալ այն նշանները, որոնք նախազգուշացնում են հիվանդության առկայության մասին։
Չթուլացող հազ։ Հազը սովորաբար կապվում է մրսածության կամ ռեսպիրատոր վարակի հետ։ Այս հիվանդությունները սովարաբար անցնում են մեկ կամ երկու շաբաթ անց։ Մշտապես չանցնող հազը կարող է թոքերի քաղցկեղի նշան լինել, հատկապես, եթե այն ավելի է սրվում։
Հազի փոփոխություն։ Եթե հաճախ եք հազում, և հազն ավելի է խորանում, ժամանակն է բժշկի գնալ։ Թոքերի քաղցկեղի հետ կապվում են նաև արյունն ու մեծ քանակով լորձը։
Դժվար շնչառություն։ Երբ թոքերի քաղցկեղն արգելափակում է կամ սեղմում շնչուղիները, կամ ուռուցքի հեղուկը սկսում է կուտակվել կրծքավանդակում, շնչառությունը դժվարանում է։ Եթե շնչահեղձ եք լինում մթերք տեղափոխելիս կամ փոքր տարածություն քայլելիս, սովորական տնային աշխատանք կատարելիս, այցելեք բժշկի։
Ցավ կրծքավանդակում։ Թոքերի քաղցկեղը հանգեցնում է ցավի կրծքավանդակում, ուսերում կամ մեջքում։ Եթե ցավը սուր է, անհասկանալի, բութ, հարկավոր է տեղյակ պահել բժշկին։ Կրծքավանդակում ցավի առկայությունը վկայում է առողջության հետ կապված մի շարք խնդիրների, այդ թվում՝ թոքերի քաղցկեղի մասին։
Խզզոց։ Երբ շնչուղիներն արգելափակվում են, բորբոքվում, հայտնվում է խզզոց կամ ձայն շնչառության ընթացքում։ Խզզոցով շնչառությունն ասթմայի կամ ալերգիայի նշան կարող է լինել, բայց, իհարկե, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։
Ձայնի փոփոխություն։ Եթե զգաք, որ ձայնը փոխվում է, դառնում ավելի խորը, կոպիտ, այցելեք բժշկի։ Ձայնի կոշտությունը կարող է առաջանալ նաև մրսածության հետևանքով, բայց եթե այս նշանը չի անցնում, այն կարող է կապված լինել թոքերի քաղցկեղի հետ։
Քաշի անբացատրելի նվազում։ Պետք է հիշել, որ քաշի փոփոխությունը կարող է կապված լինել նաև առողջական խնդիրների, այդ թվում՝ թոքերի քաղցկեղի հետ։ Քաղցկեղային բջիջներն օգտագործում են օրգանիզմի էներգիան։ Եթե նիհարելու համար ոչինչ չեք անում, բայց էականորեն նիհարել եք, կարող եք առողջական խնդիր ունենալ։
Ցավեր ոսկորներում։ Թոքերի քաղցկեղը բազմաթիվ նշաններով չի արտահայտվում այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի չափերի չի հասնում։ Մետաստազները կարող են ցավ առաջացնել մեջքի կամ մարմնի մյուս հատվածներում։ Թոքերի քաղցկեղը կապում են ուսերում, ձեռքերի, իրանի հատվածում առաջացող ցավերի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը