Տարօրինակ վիճակագրություն. Ըստ UN Comtrade-ի՝ Հայաստանն ու Ադրբեջանը էլեկտրաէներգիայի առևտուր են անում
Advertisement 1000 x 90

Տարօրինակ վիճակագրություն. Ըստ UN Comtrade-ի՝ Հայաստանն ու Ադրբեջանը էլեկտրաէներգիայի առևտուր են անում

Ըստ ՄԱԿ-ի՝ միջազգային առևտրին վերաբերող տվյալների բազաների կայքի (UN Comtrade Database), Հայաստանն ու Ադրբեջանը վերջին 2 տարիներին զգալի ծավալի էլեկտրաէներգիայի առևտուր են արել։

Այսպես, ըստ այս բազայի, 2015 թվականին Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 84.2 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ 3 մլն 243.9 հազար դոլար մաքսային արժեքով։ Նույն տարում Ադրբեջանից Հայաստան ներկրվել է 13.7 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ 478.5 հազար դոլար մաքսային արժեքով։

2016-ին էլեկտրաէներգիայի առևտուրը շարունակվել է։ Հայաստանից Ադրբեջան արտահանվել է 49.5 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ 2 մլն 263.8 հազար դոլար մաքսային արժեքով։ Ադրբեջանից ներկրվել է 47 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ 2 մլն 76 հազար դոլար մաքսային արժեքով։

Բազայում ֆիլտրումը կատարվել է ըստ Հայաստանի ներկայացրած տվյալների (reporter: Armenia): Ուշագրավն այն է, որ նույն բազայում Ադրբեջանը որպես հաշվետու նշելու դեպքում տեղեկատվություն չի արտացոլվում։

Նշենք նաև, որ թե՛ ՊԵԿ մաքսային ծառայության, թե՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2016-ին առևտուր չի եղել։

Կարծում ենք, այս վիճակագրությունը տեխնիկական բացատրություն կարող է ունենալ՝ կապված էլեկտրաէներգիայի տարանցման սխեմաների հետ։ Ամեն դեպքում, հուսով ենք պատկան մարմինները կմեկնաբանեն UN Comtrade Database-ի այս տվյալները։

b4b.am