Հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կկայանա «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու ներկայացման պրեմիերան, որը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին:
«Ամեն» դրամատիկ շոու ներկայացումը բացառիկ միջազգային նախագիծ է: Այն պահպանելով հայկական երաժշտության ավանդույթները` դրանք ներկայացնում է ժամանակակից բեմական շոու ձևաչափով, որտեղ բնօրինակ երաժշտական լիբրետոն ու ավանդական բալետը համակցված է ժամանակակից լուսա-երաժշտական բեմական տեխնոլոգիաների հետ:
Life.panorama.am-ի հետ զրույցում նախագծի գլխավոր պրոդյուսեր Հասմիկ Չախմախչյանը պատմեց դասական արվեստում այս կարևոր իրադարձության գաղափարի և մանրամասների մասին:
«Արդեն երեք տարի է, ունեինք «Ամեն» ներկայացումն իրականացնելու գաղափարը, որը համախմբում է աշխարհով մեկ հայտնի դասական արվեստի հայ ներկայացուցիչներին: Այդ օրը բեմում կլինի 11 մենակատար մեկ բեմում և կներկայացնեն մեր ժողովրդի գեղեցիկ հեքեիաթը: Նրանք կպատմեն Հայաստանի ստեղծման օրվանից մինչև մեր օրեր ընթացող պատմությունը` ցույց տալով, որ մեր ժողովուդրը հազարամյակների զրկանքներից հետո, միևնույն է, շարունակում է ապրել և ստեղծագործել: Մասնակցում են տարբեր երկրների օպերային հայ արտիստներ Բարսեղ Թումանյանը (Հայաստան, Ղազախստան), Հրաչուհի Բասենցը (Գերմանիա), Բեռչ Քարազյանը (Հայաստան), Հասմիկ Թորոսյանը (Իտալիա, Հայաստան), Ջուլիետ Գալստյանը (Շվեյցարիա), Ռոզի Անուշ Սվազյանը (ԱՄՆ, Իտալիա), Դավիթ Բաբայանցը (Հայաստան), Գևորգ Դաբաղյանը (Հայաստան), Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա), Մարիո Ֆրանգուլիսը (Հունաստան), Պլաչիդո Դոմինգո կրտսերը (Իտալիա) Ջորջ Փերիսը (Հայաստան, Ֆրանսիա), Վինչենցո Կոնստանցոն (Իտալիա) և ուրիշներ: «Ամեն» ծրագրի համար Արաքսյա Մուշեղյանը նոր երաժշտություն է գրել, որը շատ ազդեցիկ հնչերանգներ ունի: բեմադրող խորեգ»րաֆն է Գրիգոր Խաչատրյանը, խորեգրաֆներ` Արման Ջուլհակյանը և Արա Ասատուրյանը,- պատմեց Հասմիկ Չախմախչյանն ու հավելեց.
«Պետք է ասեմ, որ տարբեր երկրներում ապրող մեր արտիստները մեծ ոգևորությամբ և սիրով համաձայնեցին իրենց մասնակցությունն ունենալ այս նախագծին: Նրանք պատրաստակամորեն թողեցին իրենց գործերն ու եկան Հայաստան` մասնակցելու խտացված գրաֆիկով փորձերին ու հիմա էլ անհամբեր սպասում են պրեմիերային»:
Մեր հարցին, թե ինչու են ընտրել «Ամեն» խորագիրը, Հասմիկ Չախմախչյանը հստակեցրեց.
«Ամեն նշանակում է թող այդպես էլ լինի: Այդ բառը գիտեն գրեթե բոլոր երկրներում, քանի որ բոլոր ժողովուրդների աղթոքների վերջում ասվում է հենց Ամեն: Մենք ցույց կտանք մեր բեմադրությունն ու վերջում կասենք Ամեն, որը մեր ժողովրդի վերածնունդը կխորհրդանշի»
Պրոդյուսերի խոսքով` Հայաստանից հետո «Ամեն» շոու ներկայացումը կկայանա Իտալիայում.
«Օգոստոսի 21-ին «Ամեն» շոուն կներկայացնենք Իտալիայի Վերոնա քաղաքի հայտնի Arena di Verona թատրոնում, որը տեղավորում է շուրջ 15 հազար հանդիսատես: Այնուհետև ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքներում և բեմահարթակներում: Ի դեպ` «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն այլ միջոցառումներ ևս` լուսանկարների ցուցահանդեսներ և պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ և այլն: Ի դեպ` ներկայացումը կլինի հայերեն և իտալերեն»,- նշեց պրոդյուսերը: