«Մրցանակակիր արտիստներն ընտրվել են հատուկ սկզբունքով». Գրիգոր Գասպարյանը` Սոչիում անցկացված մրցանակաբաշխության մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Մրցանակակիր արտիստներն ընտրվել են հատուկ սկզբունքով». Գրիգոր Գասպարյանը` Սոչիում անցկացված մրցանակաբաշխության մասին. life.panorama.am

Մայիսի 31-ին Սոչիում կայացավ «Արմենիա TV»-ի մրցանակաբաշխությունը, որն իր ձևաչափով տարբերվում էր մրցանակաբաշխութունների վերաբերյալ տարածված պատկերացումից: Մրցանակաբաշխության ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց մանրամասների մասին:

«Այս մրցանակաբաշխությունը, որպես այդպիսին, նոր ֆորմատ էր, քանի որ չկար ժյուրի և տարբեր մրցանակներ, փոխարենը` կար մեկ մրցանակ «Տարվա երգ» անվանումով: Այսինքն` մրցանակներ էին ստանում հրավիրված բոլոր հյուրերը, նրանք, ովքեր 2016թ-ի ընթացքում ակտիվ են գործել ու հիթեր են թողարկել»,- պատմեց ռեժիսորը:

Գ. Գասպարյանի խոսքով` մրցանակակիր արտիստներն ընտրվել են հատուկ սկզբունքով.

«Բավականին մեծ աշխատաքն է տարվել, մինչև ընտրվել են 25 մրցանակակիրները: Մենք հետևել ենք և հաշվարկել, թե այս կամ այն արտիստի տեսահոլովակը կամ երգը որքան դիտումներ է գրանցել համացանցում և հեռուստատեսային վարկանիշային սանդղակում: Այսինքն` ժյուրին հանդիսատեսն էր, մրցանակ ստանում էր նա, ում մարդիկ առավել շատ էին հետևել տարվա ընթացքում: Ի դեպ` շատ երգիչ-երգչուհիներ եղան, ովքեր ցանկություն հանտնեցին մասնակցելու, սակայն մենք ստիպված էինք մերժել նրանց` պատճառաբանությամբ, որ նախորդ տարվա իրենց գործունեությունը թույլ չի տալիս: Կարծում եմ` այս մրցանակաբաշխության ձևաչափը նաև խթանիչ ուժ կհանդիսանա, որպեսզի այս տարի մեր արտիստներն առավել ակտիվ աշխատեն` հաջորդ տարի մրցանակակիր դառնալու համար»,- հստակեցրեց նախագծի ռեժիսորը:

Մրցանակաբաշխությանը ներկա են եղել Քրիստինե Պեպելյանը, Սիրուշոն, Լիլիթ Հովհաննիսյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Սարոն, Արամեն, Մեծ Հայքի Նարեկը, Գևորգ Մարտիրոսյանը, Մարտին Մկրտչյանը, Սոնան, Մհերը, Սոֆի Մխեյանը, Հռիփսիմե Հակոբյանը և այլք: Մրցանակաբաշխությանը մասնակցել են ինչպես էստրադային կատարողներ, այնպես էլ ժողովրդական, գուսանական երգերի կատարողները:

«Սոչիի հայ հանդիսատեսի համար սա մեգանախագիծ էր: Ճիշտ է` նախկինում  շատ անգամներ են այստեղ համերգներ անցկացվել, բայց ոչ այս մաշտաբի: Նրանց արձագանքը շատ բուռն էր, որը գերազանցեց մեր սպասելիքները»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում հաճախ են հայերը նման մասշտաբային մրցանակաբաշխություններ կազմակերպում: Նման միջոցառում Երևանում չի անցկացվում, հարցին, թե այս դեպքում ինչո՞վ էր պայմանավորված Սոչիում մրցանակաբաշխությունն իրականացնելու որոշումը, Գրիգոր Գասպարյանը նշեց.

«Գիտեք, Հայաստանում մեր երգիչները հաճախ են համերգներով ներկայանում, ու Հայաստանից դուրս ապրող հայերը հաստատ ավելի կարոտած են նման միջոցառումների: Ի վերջո, մրցանակաբաշխությունները հնարավորություն են տալիս մեկ համերգում բազմաթիվ արտիստների տեսնել: Բացի այս էլ, Սոչին փառատոնային քաղաք է, ու կարծում եմ, այստեղ հետաքրքիր էր իրականացնել այս նախագիծը, որը ավելի շատ փառատոնի նմանվեց»:

Հավելենք, որ Սոչիի մրցանակաբաշխությունն իրականացրել է «Պոզիտիվ փրոդաքշենը», որը ՌԴ-ում արդեն 15 տարի է, ինչ կազմակերպում է տարբեր մեծամասշտաբ համերգներ, իսկ վերջին տարիներին տարեկան 70-100 համերգներ է իրականացնում: Մրցանակաբաշխությունն ունեցել է խոշոր բյուջե, որի չափերի մասին Գրիգոր Գասպարյանը հրաժարվեց նշել: Ավելացնենք, որ այս մրցանակաբաշխությունը այսուհետ ամենամյա կլինի: