Ինչպես երեկ տեղեկացրել էինք, տևական՝ 27 տարվա ընդմիջումից հետո, Կապանի օդանավակայանում երեկ առաջին անգամ ինքնաթիռ է վայրէջք կատարել։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պարզաբանում է ներկայացրել՝ Կապանի օդանավակայանում մասնավոր թռիչք իրականացնելու վերաբերյալ։
Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի ՌԴ քաղաքացի հանդիսացող օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել՝ Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով:
Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, և վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը:
Համաձայն սահմանված կարգի՝ օդաչուն թռիչքի մասին տեղեկացրել է օդային երթևեկության կառավարման մարմիններին:
Օդանավում է գտնվել նաև ՀՀ-ի բոլոր օդանավակայաններում բազմիցս թռիչքներ իրականացրած ՀՀ պատվավոր օդաչու Գարուշ Նիկողոսյանը:
Ավելացնենք նաև, որ ինքնաթիռը եղել է Piper M500 մակնիշի, և վայրէջքի պահին դրանում գտնվել է նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Լուսանկարը՝ Aysor.am-ի