Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիամ Դավթյանն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է երիտասարդ մնալու գաղտնիքների, բացթողումների ու ձեռքբերումների մասին:
«Երիտասարդ մնալու համար գաղտնիքներ չկան, փոխարենը կան արժեքներ, որոնք բերում են դրան: Առաջին հերթին սերը, ապրելու և ստեղծագործելու ցանկությունը, աշխարհի հանդեպ հետաքրքրությունը, մարդկային ջերմությունը, ճնճղուկների ծլվլոցը, գարնան բերկրանքը, տիեզերքը և, իհարկե, Աստծո ձեռքը»,- նշեց Մարիամ Դավթյանը:
Դերասանուհին ունի հստակ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում է իր կյանքում.
«Մարդաճանաչման և աշխարհընկալման տարբեր փուլերում առաջնորդվում ես տարբեր կարգախոսներով ու սկզբունքներով: Այս փուլում իմ կարգախոսն է` «Եթե կորցրել ես հրաշքներ տեսնելու ունկությունը, կանգնիր հայելու առջև և ժպտա, դու մեծագույն հրաշքն ես ամբողջ տիեզերքում» »,- ընդգծեց դերասանուհին:
Խոսելով ծննդյան ցանկությունների մասին` Մարիամ Դավթյանը նշեց.
«Ուզում եմ, որ մտերիմներս առողջ ու երջանիկ լինեն: Ուզում եմ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, վերածնունդ` Հայաստանում: Իսկ ինձ մաղթում եմ, որպեսզի երբեք չկորցնեմ վերոնշյալ ունակություններս, ստեղծագործական բուռն ու հետաքրքիր գործընթացս, ուզում եմ, որ ամեն օրը տոն լինի»:
Մարիամ Դավթյանը վստահեցնում է` ոչինչ չէր փոխի իր կյանքում, բացառությամբ մի բանի.
«Հավատացեք` ոչինչ չէի փոխի իմ կյանքում, միայն մի բան` կցանկանայի որդի ունենալ»,- նշեց նա, իսկ ձեռքբերումների մասին խոսելիս` հիշեց դստերը.
«Կյանքիս մեծագույն պարգևը աղջիկս է, նա իմ ամենամեծ ձեռքբերումն է»:
Իսկ վերջում հարցին, թե վերարժևորելով կյանքը` Մարիամ Դավթյանը ինչի համար է Աստծուն շնորհակալ, պատասխանեց.
«Ասում են, որ նախքան լույս աշխարհ գալը, երկնքում երեխաներն ընտրում են իրենց ծնողներին: Գուցե շատերի համար աբսուրդ է այս գաղափարը, բայց ես գոհ եմ ու շնորհակալ իմ ընտրությունից»: