Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի պաշտպանությունը դիմել է երկրի Դաշնային գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել երկրի ղեկավարի հարցաքննությունը և փակել նրա դեմ սկսված հակակոռուպցիոն հետաքննությունը: Հարավամերիկյան խոշորագույն երկրի ղեկավարը չի պատասխանել ոստիկանության կողմից տրված 82 հարցից և ոչ մեկին:
Փաստաբանների խոսքով՝ նախագահը հրաժարվել է, քանի որ իրավապահ մարմիններն իրենց հարցերում հեռացել են հետաքննության թեմայից:
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հունիսի 5-ին նախագահին է ներկայացրել 82 հարց, որին նա պարտավոր է պատասխանել հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում: Որպես երկրի նախագահ՝ նա իրավունք ունի անձամբ չհանդիպել քննիչների հետ, այլ պատասխանել նրանց գրավոր կերպով:
Մայիսի կեսերին Բրազիլիայում բացահայտված խոշոր կոռուպցիոն սկանդալը չի շրջանցել երկրի նախագահ Տեմերին: Բրազիլացի գործարարներ Ժոեսլի և Ուեսլի Բատիստա եղբայրները իրավապահներին են ներկայացրել մի ձայնագրություն, որտեղ լսվում, է, թե ինչպես է նախագահը խնդրում «գնել» խորհրդարանի ստորին պալատի նախկին նախագահին:
Նախագահը մերժել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: