«Հրաշալի է, երբ գիտես՝ կողքից կա քեզ հետևող մեկը, ով անաչառ է, օբյեկտիվ ու քծնելու կարիք չունի». Էմմա Մանուկյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հրաշալի է, երբ գիտես՝ կողքից կա քեզ հետևող մեկը, ով անաչառ է, օբյեկտիվ ու քծնելու կարիք չունի». Էմմա Մանուկյան

«Եթե գտնեմ քեզ» սերիալի գլխավոր հերոսուհի Արևիկին մարմնավորող դերասանուհի Էմմա Մանուկյանին հեռուստադիտողը վաղուց է ճանաչում սերիալներից: Ինչպես և սովորաբար, այս նախագծում ևս Էմման ու նրա ամուսինը՝ դերասան Վիլեն Սարգսյանը, միասին են աշխատում:

Որքանո՞վ է այս հանգամանքը օգնում կամ խանգարում, ի՞նչ նախասիրություններ ունի դերասանների հնգամյա դուստրը և որքա՞ն հաճախ է խանդը հյուր գալիս սիրված դերասաններին. այս ու այլ հետաքրքիր թեմաների շուրջ BlogNews.am-ը զրուցել է դերասանուհի Էմմա Մանուկյանի հետ.

Էմմային սովորաբար բաժին են հասնում բարդ հոգեբանական դերեր, որոնք դերասանուհին, իհարկե, փայլուն է կատարում, իսկ թե ինչու հենց այդպիսի դերեր, Էմման այսպես է մեկնաբանում.

«Այո, հեռուստանախագծերում մեծամասամբ մի փոքր ծանր կերպարներ եմ մարմնավորում: Ինչո՞ւ է այդպես․ կարծում եմ՝ դա իմ դերասանական խառնվածքով է պայմանավորված, որտեղ դրամատիզմը մի փոքր ավելի շատ է: Սակայն սա չի նշանակում, որ ես ինձ սահմանափակում եմ դրամատիկ խաղացանկով, որովհետև թատրոնում ես ունեմ թեթև, կոմիկական շատ դերեր»:

Դերասանուհին ներկայումս միաժամանակ երկու նախագծում է աշխատում, ու կարելի է ասել՝ օրվա մեջ ազատ ժամանակ գրեթե չի ունենում: Այն հարցին, թե ինչպես է հասցնում լարված գրաֆիկի մեջ նաև ընտանիքին ու դստերը ժամանակ հատկացնել, Էմման անկեղծորեն խոստովանում է, որ չի հասցնում)): Սակայն դերասանուհին նշում է, որ իրեն շատ են օգնում իր մայրիկն ու սկեսուրը: Դստեր՝ 5-ամյա Սառայի մասին Էմման նշում է, որ բոլորովին հետաքրքրված չէ ծնողների մասնագիտությամբ. «Մեր մասնագիտությունը նրան չի հետաքրքրում, անգամ երբ հարցնում են՝ կցանկանա՞ս դերասանուհի դառնալ, միշտ ասում է՝ ոչ, իսկ ահա թատրոն շատ է սիրում: Մենք հաճախ ենք նրան թատրոն տանում։ Սիրում է դիտել ներկայացումները, սակայն դերասանուհի դառնալ չի ուզում»:

Հայտնի խոսք կա՝ որպեսզի ընտանիքում ամուսինները հաշտ ու համերաշխ ապրեն, նրանք պետք է բոլորովին տարբեր վայրերում աշխատեն: Էմմայի ու Վիլենի պարագայում, սակայն, այս սկզբունքը բացառվում է: Քիչ է, որ նրանք երկուսն էլ դերասան են, դեռ ավելին՝ սովորաբար նաև միևնույն նախագծերում են ընդգրկված լինում: Արդյոք այս հանգամանքը չի՞ խանգարում զույգին և որքա՞ն հաճախ են նրանք աշխատանքից հետո տանը նորից աշխատանքի մասին խոսում. «Մենք նույն օդն ենք շնչում, նույն միջավայրում ենք աշխատում, հետևաբար աշխատանքից հետո էլ չենք կարող չխոսել ու չքննարկել այն: Քանի որ միևնույն միջավայրում ենք լինում հիմնականում, սա մեզ ևս օգնում է միմյանց հետևել, խորհուրդներ տալ իրար ու նաև դիտողություններ անել մասնագիտական առումով: Կարծում եմ՝ հրաշալի է, երբ գիտես՝ կողքից կա քեզ հետևող մեկը, ով անաչառ է, օբյեկտիվ ու քծնելու և դուր գալու կարիք չունի»:

Ամբողջությամբ՝ blognews.am

 



Նման նյութեր