«Լուիզա Ղամբարյանի մոտ գերհոգնածություն էր, որովհետև ԱՄՆ-ից նոր էր ժամանել, բացի այդ նաև մրսածություն ուներ: Փառք Աստծո, որևէ լուրջ բան չկար»,-Asekose.am-ին ասաց ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը` անդրադառնալով օրեր առաջ Լուիզա Ղամբարյանի առողջական խնդիրներին, որոնց պատճառով իրենք ստիպված էին եղել հետաձգել «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սուրեն Շահվերդյանը Asekose.am-ին տեղեկացրել էր, որ ներկայացումից առաջ Լուիզան զանգահարել էր և ասել էր, որ շատ վատ է զգում իրեն.
«Առավոտյան շուտ ինձ զանգահարեց Լուիզա Ղամբարյանը: Հազիվ և շատ ողբերգական ձայնով էր խոսում և ասում էր, որ շատ վատ է: Երբ Լուիզային հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շատ վատ է: Երկար դադարից հետո ասաց, որ չի կարողանում ոտքի կանգնել և քայլել, սրտխառնոց և գլխապտույտ ունի»,- նախկինում ասել էր «Սև դառը SHOCKոլադ»-ի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը` հավելելով, որ Լուիզան խոստացել է հունիսի 15-ին` իր ծննդյան օրը, անգամ «մահացած» վիճակում բեմում լինել և խաղալ «Սև դառը SHOCKոլադ»-ը:
Այս առիթով Սուրեն Շահվերդյանը տեղակացրեց, որ Լուիզան հավատարիմ է մնացել իր խոստմանը և ներկայացումը կայանալու է դերասանուհու ծննդյան օրը.
«Հունիսի 15-ին մենք անակնկալ ենք պատրաստել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ Լուիզայի համար:Կարծում եմ, որ բոլորին հետաքրքիր երեկո է սպասվում, սակայն փակածերը դեռ չեմ բացի: Հավելեմ, որ նախորդ անգամ մոտ 20-25 հոգի էր եկել ներկայացմանը, մյուսները համացանցի և ԶԼՄ-ների միջոցով տեղեկացել էին ներկայացման հետաձգման մասին: Հետաքրքիր է, որ շատերը զանգահարում և ասում էին, թե ինչով կարող են օգնել, թեպետ կային մարդիկ, ովքեր չէին հավատում, որ հունիսի 15-ը Լուիզայի ծննդյան օրն է: Թերևս, Լուիզան որոշել է այս տարի իր ծնունդն ինքնատիպ ձևով նշել»,- նշեց Սուրեն Շահվերդյանը: