Օսկարակիր հնդիկ կոմպոզիտոր Ալլա Ռաքա Ռահմանը նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող իր դեբյուտային ֆիլմը՝ որպես ռեժիսոր։ «Le musk»-ը («Դիմակ») անգլերեն լեզվով կարճամետրաժ մելոդրամա է, որը նկարահանվել է հնդկական կինոընկերության կողմից։ Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում։ Փառատոնային ֆիլմ է, համաշխարհային պրեմիերան նախատեսվում է մոտ մեկ ամսից՝ Փարիզում։ Այս և մեկ այլ ֆիլմով Ռահմանը մասնակցել է այս տարվա Կաննի կինոփառատոնին։ «Le musk»-ը նկարահանվել է «վիրտուալ իրականություն» տեխնիկայով (360 աստիճան)։
168.am-ն օսկարակիր կոմպոզիտոր Ալլա Ռաքա Ռահմանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց Հայոց ցեղասպանության թեման ընտրեց իր դեբյուտային ֆիլմի համար։
«Ես շատ հայ ընկերներ ունեմ, և Հայոց ցեղասպանության պատմությունը հուզել է ինձ։ Ես նաև հայ ռեժիսորների երկրպագուն եմ, օրինակ՝ Սերգեյ Փարաջանովի, որի «Նռան գույնը» ֆիլմից շատ տպավորված եմ»,- պարզաբանեց նա։
«Le musk» ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկին մարմնավորած Մարիամ Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է շատ պատահական՝ ընկերներից մեկի միջոցով։
«Ռահմանն ունի շատ հայ ընկերներ, որոնցից մեկը նաև իմ ընկերն է, ապրում է Նյու Յորքում։ Ֆիլմի համար Լոնդոնում և Հնդկաստանում քասթինգ է հայտարարվում, բայց համապատասխան հայի կերպար չեն գտնում։ Այդպես Ռահմանն իր հայ ընկերներից մեկին խնդրում է համապատասխան կերպար գտնել, որը նաև երաժշտական կրթություն կունենա, քանի որ ֆիլմում պետք է մարմնավորի հայ դաշնակահարուհու»,- պատմում է Մարիամը՝ հավելելով, որ տեսազանգով օսկարակիր կոմպոզիտորի և ֆիլմի սցենարիստի հետ խոսելուց հետո էլ արդեն մեկնել է Իտալիա՝ ֆիլմի նկարահանումներին մասնակցելու։
«Սկզբում ինձ ընտրել էին գլխավոր կերպարի՝ Ջուլիայի դերը խաղալու համար, որը ֆլեյտահարուհի է, և իրականում ես էլ դաշնամուր ու ֆլեյտա եմ նվագում, բայց հետո փոփոխություններ են լինում, Ջուլիային մարմնավորում է ֆրանսուհի դերասանուհի։ Ինձ էլի գլխավոր կերպար են տալիս, ես լինում եմ Ջուլիայի մորաքույրը, որը նրան մանկուց մեծացնում ու ֆլեյտա նվագել է սովորեցնում։ Այդ ժամանակ լինում է Ցեղասպանությունը, որի ընթացքում ֆիլմում իմ քրոջն ու նրա ամուսնուն սպանում են, ես Ջուլիային փրկում եմ, բայց ինձ վրա են կրակում։ Հետո ես մինչև 56 տարեկան կոմայի մեջ եմ մնում ու մահանում, բայց ֆիլմում անընդհատ հայտնվում եմ՝ հիշողությունների ձևով, քանի որ Ջուլիան կյանքում ինչ հաջողությունների հասնում է, անընդհատ ինձ է հիշում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Երաժշտական կրթություն ունեցող Մարիամը խոստովանում է, որ վերջին տարիներին երազում էր թատրոնում խաղալու մասին. «Մոտ 5-6 տարի անընդհատ ասում էի՝ ինչու դերասանուհի չեմ դարձել, և այստեղ թատրոններ էի գնում, խնդրում էի նույնիսկ ամենաաննշան դերը, որ գոնե բեմում երևամ, բայց ասում էին՝ քանի որ նույնիսկ որևէ խմբակի կրթություն չունես, չես կարող։ Այդպես ամեն տեղ մերժում էին, իսկ ֆիլմի մասին անգամ չեմ էլ երազել։ Այդպես մի քանի տարի շարունակ երազում էի դերասանուհի դառնալու մասին, ոչինչ չէր ստացվում, և մեկ էլ հանկարծ հնարավորություն եմ ստանում հանդես գալ նմանատիպ ֆիլմում՝ պրոֆեսիոնալ թիմի հետ։ Ֆիլմի դերասաններից միայն ես չունեի դերասանական կրթություն, բայց դա ինձ չխանգարեց»։
Մարիամի խոսքով՝ ֆիլմում լավագույնս ներկայացվել է նաև հայկական տարազը. «Նույնիսկ հայերենով բանաստեղծություն արտասանելու հնարավորություն ունեցա ֆիլմում, իսկ հետո առաջարկեցի նաև «Հայր մերն» ասել, և առաջարկս ընդունվեց»։
Ռազմիկ Մարտիրոսյան