ՀՀ վաստակավոր արտիստ, ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանը երևանյան մենահամերգից հետո հասցրել է նոր տեսահոլովակ նկարահանել և հետո միայն մեկնել ԱՄՆ: Իր բազմազան երգացանկից երգիչն անձամբ է ընտրել «Թե աչքերս քեզ որոնեն» երգը, որի երաժշտության հեղինակը Լևոն Սևանն է, իսկ խոսքերը հեղինակել է Սիլվա Կապուտիկյանը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ձախ Հարութի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը, ով նաև այս տեսահոլովակի ռեժիսորն է, պատմեց նկարահանումների ընթացքի և նոր աշխատանքի նպատակի մասին:
«Հարութը դեռ Երևան չէր եկել, երբ զանգահարեց ինձ ու ասաց, որ մենահամերգի նպատակով, երբ գա Հայաստան, պետք է նաև տեսահոլովակ նկարահանենք: Սկզբում մտածում էի, որ տեսահոլովակը կլինի «My life» երգի հիման վրա, սակայն Հարութն ասաց, որ ցանկանում է «Թե աչքերս քեզ որոնեն» երգը տեսահոլովակ ունենա, որը նա դեռ շատ վաղուց է կատարել: Տարիներ առաջ նա այս երգը բոլորովին ուրիշ գործիքավորմամբ է երգել, իսկ հիմա այն ներկայացնելու է լրիվ այլ գործիքավորմամբ` իսպանական մոտիվներով, որի պրեմիերան կայացավ հենց իր մենահամերգի օրը և շատ բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից »,- նշեց Խաչիկ Եղոյանն ու պատմեց տեսահոլովակի նկարահանման մանրամասների մասին.
«Տեսահոլովակը նկարահանել ենք մեկ օրում, ավելի ճիշտ` մի քանի ժամում: Այդ օրը ծիծաղելով օպերատոր Սուրեն Թադևոսյանին ասում էի, որ եթե անգամ ոչինչ չանենք, այլ պարզապես չորս րոպե Հարութին նստած էլ նկարենք, միևնույն է, այդ տեսահոլովակը սիրվելու է, քանի որ արտիստին են շատ սիրում: Եվ, իսկապես, մոնտաժային աշխատանքները շատ բարդ էին, քանի որ կադրերն այնքան լավն էին, որ չգիտեինք, թե որոնք օգտագործենք, որոնք` ոչ: Տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է, դասական ոճում, չկան սյուժետային գծեր, այն մոնոտոն գույներում է, որը աչքին շատ հաճելի է»,- նկատեց ռեժիսորը:
Խաչիկ Եղոյանի խոսքով` 67-ամյա Ձախ Հարութը ողջ տեսահոլովակի նկարահանումների ընթացքում մեկ վայրկյան անգամ չի տրտնջացել, պատրաստակամորեն հետևել է ռեժիսորի բոլոր խորհուրդներին:
Ի դեպ` այս աշխատանքը Հարութ Փամբուկչյանի կողմից նվեր է իր երկրպագուներին.
«Հունիսի 18-ին կկայանա Հարութ Փամբուկչյանի ամերիկյան մենահամերգը: Նշեմ, որ տոմսերը վաղուց սպառված են, ու Հարութը, դրանից շատ ոգևորվելով, որոշեց այս տեսահոլովակը նկարահնել: Մտածեց, որ այդպիսով նա իր շնորհակալությունը կհայտնի բոլոր նրանց, ովքեր համերգից ամիսներ առաջ շտապել են տոմսերը գնել»,- պատմեց Խաչիկ Եղոյանը:
Առաջիկայում Ձախ Հարութը ավելի հաճախ կգա Հայաստան, քանի որ ծրագրերը շատ են: Առջևում այստեղ կնկարահանվի նաև «My life» տեսահոլովակը: Ի դեպ` երգիչը տարիներ առաջ նկարահանել է «Իմ աղջիկը» տեսահոլովակը, որն այդպես էլ չի ներկայացվել հանրությանը, Խաչիկ Եղոյանի խոսքով` առաջիկայում դրա պրեմիերան ևս Ձախ Հարութի պլաններում է: