Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան գրառումը:
Այսօր Դիլիջանում մասնակցել ենք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը:
Բացման խոսքում փաստել եմ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև խմբում մեր երկարամյա համագործակցությունը տարիներ ի վեր եղել է արդյունավետ և կառուցողական: Վստահորեն կարող եմ փաստել, որ վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՀ կողմից ցուցաբերված աջակցության և կառուցողական համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք մեր երկրներում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների իրագործման շնորհիվ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր, ինչը երկրների զարգացման և ներառական տնտեսական աճի ապահովման կարևորագույն նախապայմանն է:
Կարոևորելով ոչ միայն մտքերի, փորձի փոխանակությամբ համընդհանուր մակրոտնտեսական խնդիրների լուծումներ գտնելու, այլև մասնակից երկրների տնտեսական շահերն ու հնարավորությունները հասկանալու և գնահատելու ուղղությամբ աշխատանքը՝ համոզված եմ, որ միասնականությունը և խնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն առավել ուժեղ և նպատակասլաց կդարձնեն մասնակից երկրներին:
Խմբի հանդիպումները հաջող հարթակ են նաև այս տեսանկյունից: Օրինակ, Հայաստանը, մի կողմից, գտնվում է Եվրոպայի և Ասիայի ճանապարհային խաչմերուկում, մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկիր է, որը գործարարությամբ զբաղվելու ինդեքսով ունի նպաստավոր դիրք ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ: ԵՄ հետ նույնպես ունենք լավ գործընկերային հարաբերություններ և օգտվում ենք «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից: Հետևաբար, մեր երկրի տնտեսա-աշխարհագրական դիրքը և ԵԱՏՄ անդամակցությունը կարող է արդյունավետ օգտագործվել մյուս երկրների առևտրատնտեսական հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու համար։