«Եվրատեսիլ 2018»–ին Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովան օրերս Հայաստանում էր։ Նա ելույթ ունեցավ «Միսս ԱՊՀ 2017» մրցույթին, որի ժամանակ 2 երգ կատարեց, այդ թվում` Flame Is Burning ստեղծագործությունը, որով պատրաստվում էր ներկայանալ «Եվրատեսիլ 2017»–ին:
Tert.am Life–ն զրուցել է նրա հետ։ Յուլիան ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում, արդեն հասցրել է ջերմ տպավորություններ ստանալ։ «Այստեղ բոլորը շատ հյուրասեր և ընկերասեր են։ Տպավորություն է՝ բոլորի հետ վաղուց ծանոթ ենք` հին ընկերներ, և ես շատ անգամ եմ եղել այստեղ։ Ինձ ասում են` ինչ հրաշալի է, որ նորից մեզ հետ ես»,– պատմեց երգչուհին։
Յուլիան 2 օր է անցկացրել Հայաստանում։ Առաջին օրն օդանավակայանից հասցրել է գնալ հյուրանոց, այնուհետև շտապել է ելույթ ունենալու։ Մեր զրույցից հետո նա պատրաստվում էր գնալ Սևան։
«Ճանապարհին մեքենայի միջից հասցրեցի նկատել, որ այստեղ շատ լավ բնություն կա։ Ինքնաթիռի միջից էլ Արարատը տեսա վերևից։ Այդ տեսարանն ինձ շատ տպավորեց, նույնիսկ փշաքաղվեցի։ Դա անբացատրելի զգացողություն է»,– նշեց երգչուհին` հավելելով, որ փորձում է, որքան հնարավոր է, շատ բան տեսնել Երևանում։
Անդրադառնալով «Եվրատեսիլ» մրցույթին` Յուլիան նկատեց, որ շատ էր սրտնեղել, երբ իմացել էր, որ չի կարող այս տարի մասնակցել մրցույթին։ «Իհարկե, նորությունը, որ ես չեմ գնալու «Եվրատեսիլին», ինձ շատ տխրեցրեց, որովհետև դա իմ երազանքն է։ 12-13 տարեկանից երազել եմ այդ մասին։ Սկզբում նույնիսկ չէի հավատում, կարծում էի` ամեն ինչ կփոխվի։ Ոչինչ, ես հաջորդ տարի կգնամ «Եվրատեսիլ»»,– ասաց նա։
Երգչուհու համար ամենակարևորը մրցույթին լավ նախապատրաստվելը, ճիշտ ներկայանալն ու հաճույք ստանալն է. «Ամենակարևորը լավ տրամադրվելը և պատրաստվելն է։ Հուսով եմ` այլևս նման միջադեպեր չեն լինի, և ես, վերջապես, կկարողանամ արժանապատվորեն կատարել երգս»։
Ինչ վերաբերում է մրցութային երգի ընտրությանը` Յուլիան նշեց, որ մտածում է` ինչպիսի երգով է ներկայանալու, սակայն դեռևս ոչինչ հստակ չէ։ Ամեն ինչ կորոշվի երկրի մակարդակով` կընտրվի հեղինակը, այնուհետև կգրվի երգը։
Հիշեցնենք, որ Յուլիա Սամոյլովան չկարողացավ ներկայացնել Ռուսաստանը «Եվրատեսիլ 2017»–ին, քանի որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելեց նրա մուտքը երկիր։ Արգելքի պատճառն այն էր, որ երգչուհին 2015-ին այցելել է Ղրիմի թերակղզի` այնտեղ մեկնելով Մոսկվայից: Մինչդեռ ուկրաինական կողմն օրինական և թույլատրելի է համարում Ղրիմ մուտք գործել միայն Ուկրաինայի տարածքից: