Տպավորություն է, կարծես մի շատ կարևոր բան վերջացավ, կտրվեց. Վահագն Հայրապետյանը` Չիկոյի մահվան մասին.life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տպավորություն է, կարծես մի շատ կարևոր բան վերջացավ, կտրվեց. Վահագն Հայրապետյանը` Չիկոյի մահվան մասին.life.panorama.am

Ջազմեն Արմեն Թութունջյանը` Չիկոն, կյանքից հեռանալով` թողեց մեծ ու անեզր սեր ջազի նկատմամբ, նա սովորեցրեց ճիշտ ապրելու և երաժշտությունը ճիշտ ընկալելու արվեստը, որն այլևս մեծ դպրոց է ջազը սիրողների համար:

Life.panorama.am-ը սիրված երաժիշտի մասին խոսել է Վահագն Հայրապետյանի հետ, ով իր խորին ցավակցությունը հայտնեց ոչ միայն Չիկոյի հարազատներին և ընկերներին, այլև` բոլորին:

«Ես ցավակցում եմ բոլորիս, ջազի բոլոր ներկայացուցիչներին: Այնպիսի տպավորություն է, կարծես մի շատ կարևոր բան վերջացավ, կտրվեց: Շատ եմ ցավում, այս կորուստն ինձ համար անասելի վիշտ է, քանի որ կորցրել եմ թե մեծ ընկեր, թե գործընկեր, որի հետ 30 տարուց ավել աշխատել եմ: Մեր մեջ մեծ ընկերություն կար, անվերադարձնելի ժամեր ենք ունեցել միասին, շատ խորը զրույցներ ենք ունեցել, որոնք միշտ կմնան ինձ հետ»,- նշեց Վ. Հայրապետյանը:

Մեզ հետ զրույցում երաժիշտը պատմեց, որ այսօր ի հիշատակ Արմեն Թութունջյանի համերգ կիրականանան, իսկ վաղը` մեծն ջազմենի հուղարկավորությունը երաժշտության ներքո կլինի:

«Այսօր մենք համերգ կունենանք` նվիրված մեր սիրելի ընկերոջ հիշատակին: Վաղն էլ իմ մտահղացմամբ Չիկոյին կհուղարկավորենք ջազային երաժշտության ներքո. Վստահ եմ` դա կլիներ նաև նրա ցանկությունը: Ի վերջո` Չիկոյին պետք է ճանապարհենք հենց իրեն հատուկ պոզիտիվով ու իր ստեղծած երաժշտությամբ»,- հավելեց Վահագն Հայրապետյանը:

Երաժիշտը վստահեցրեց` 73-ամյա Արմեն Թութունջյանը ոչ մի հիվանդություն չի ունեցել.

«Չիկոն չէր տառապում և ոչ մի հիվանդությամբ: Պատահական չէր, որ նա մահացավ հենց մեծ թենիս խաղալու ժամանակ: Իր ողջ կյանքում նա զբաղվում էր այդ սպորտաձևով, թենիսների ռակետները միշտ իր մեքենայում էին: Երկուշաբթին ու հինգշաբթին էլ իր թենիս խաղալու օրերն էին: Նախորդ հինգշաբթի էլ նա սովորականի նման գնացել է թենիս խաղալու, որից հետո նստել է, իր հետ խաղացող մարդու և կնոջ հետ, զրուցել իր ապագա ծրագրերի մասին ու վայրկենական մահացել է: Նա միշտ ասում էր, որ երջանիկ մարդ է, քանի որ զբաղվում էր իր սիրած գործով ու շրջապատված էր իր սիրած մարդկանցով: Եվ իսկապես, նա երջանիկ մարդ էր, նա ոչ մեկին չտանջեց, ոչ էլ ինքը տանջվեց»,- նշեց մեր զրուցակիցը:

«Ի դեպ` Արեմն Թութունջյանը նոր գիրք էր գրում: Դա հումորային ստեղծագործություն էր, որտեղ անդրադառնում էր ջազմենների հետ կատարված ծիծաղաշարժ դեպքերի մասին: Գիրքը հենց կոչվում էր «Ջազային ժպիտներ»,- ընդգծեց Վահագն Հայրապետյանը:

Ջազմենը հիշում է, որ օրեր առաջ ջազի փառատոնի շրջանակում Չիկոյի հետ ելույթ են ունեցել գրեթե բոլոր ջազմենները.

«Հիմա ասես զգում եմ, որ այդ օրը նա մեզ հրաժեշտ տվեց իր ելույթով: Մենք երկար ճանապարհ գնացինք կողք կողքի նստած, ինչպես միշտ` անվերջ զրուցելով»,- նշեց Վ. Հայարապետյանը:

Վերջում Վահագն Հայրապետյանը ընդգծեց.

«Արմեն Թութունջյանի երաժշտական ու գրական ժառանգությունը մնաց երիտասարդներիս վրա, որը պետք է պատվով կրենք, մենք պարտավոր ենք իր գործը շարունակելու: Քանի մենք կանք ու գործում ենք, կլինի նաև Չիկոն: Ի վերջո, երբ ասում են, թե Երևանը ջազային քաղաք է, պետք է հիշել, որ առանց նրա Երևանը իսկապես չէր լինի ջազային ու արվեստի քաղաք: Չիկոն մեծ ներդրում ունի այս ասպարեզում և ես բոլորիս եմ ցավակցում: Հիմա մի շատ կարևոր քար մեզնից պոկվեց, իսկ մենք պետք է  կարողանանք Արմեն Թութունջյանի հիշատակը բարձր պահել»:

Life.panorama.am-ը ևս ցավակցում է Արմեն Թութունջյանի հարազատներին և ընկերներին:

 



Նման նյութեր