Մարդիկ ինձնից մեծ սպասելիքներ ունեն, իսկ ես պարտավոր եմ այդ սպասելիքներն արդարացնել. Անահիտ Շահբազյանը` նոր տեսահոլովակի մասին
Advertisement 1000 x 90

Մարդիկ ինձնից մեծ սպասելիքներ ունեն, իսկ ես պարտավոր եմ այդ սպասելիքներն արդարացնել. Անահիտ Շահբազյանը` նոր տեսահոլովակի մասին

Երկարատև էկրանային դադարից հետո երգչուհի Անահիտ Շահբազյանը հանրությանը ներկայացրել է իր նոր` «Արև» տեսահոլովակը, որի հեղիանակն է երգիչ Արսեն Գրիգորյանը:

Պարզվում է, որ այս երգը Անահիտն արդեն երկու տարի է, ինչ ունի, սակայն անընդհատ ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է դրա թողարկումը.

«Երկու տարի առաջ ես ու ռոմանսների Արսեն Գրիգորյանն աշխատում էինք միևնույն ակումբում, հենց այդ ժամանակ էլ նա ինձ ասաց, որ հատուկ ինձ համար երգ է գրել: Իհարկե, դա մեծ անակնկալ էր, քանի որ Արսենի արվեստը սիրել եմ դեռ մանկուց, երբ առհասարակ չէի պատկերացնում ու մտադրություն էլ չունեի երգչուհի դառնալու: Այսինքն` ինձ համար մեծ պատիվ էր նրա այս նվերը: Ի դեպ` Արսենը ոչ միայն երգի ամբողջական հեղինակն է, այլև իրականացրել է գործիքավորումը»,- պատմեց Անահիտն ու խոսեց երգը թողարկելու հետաձգման պատճառների մասին.

«Անկեծ ասած, անընդհատ ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր այս երգի թողարկումը: Սկզբում զբաղված էի իմ անձնական հարցերով, քանի որ նոր-նոր էի սիրահարված, զբաղված էի նաև իմ նշանադրության, ապա հարսանեկան արարողություններով և արդյունքում ուշադրություն ու ժամանակ չէի կարողանում հատկացնել աշխատանքիս: Տեսահոլովակը նկարահանվել է նախորդ տարվա մայիսին: Ռեժիսորն ամուսինս է` Կարեն Զադիրյանը: Ճիշտն ասաց, այս տեսահոլովակի հետ կապված այլ բաներ էինք պատկերացնում, գրաֆիկական լուծումներ պետք է տրվեին, բայց ինչ-ինչ տեխնիկական պատճառներով այն չիրականացավ»,- Life.panorama.amի հետ զրույցում նշեց երգչուհին:

Տեսահոլովակը մինիմալիստական լուծումներ ունի, մեկ սենյակում Անահիտը պատմում է իր սիրո` իր արևի մասին: Թեև երգը սիրո մասին է, բայց հետաքրքրականն այնն է, որ «Արև»-ը սիրվել է նաև երեխաների կողմից.

«Շատ ուրախ եմ, որ տեսահոլովակս թեկուզ իմ պատկերացումներից շեղումներ ունենալով, բայց արդեն իրականություն է: Կրկնակի ուրախ եմ, որ այս երգն ու տեսահալովակը սիրել են երեխաները, դա ինձ համար իսկապես շատ անսպասելի անակնկալ էր: Այս ընթացքում շատ եմ լսել, որ բալիկներին հենց այս երգի ներքո են քնեցնում, ինչը շատ հաճելի է պատկերացնելը»,- նկատեց նա:

Անահիտ Շահբազյանը հստակ նպատակ ունի այլևս այսքան երկար էկրանային դադարներ չվերցնել.

«Այսուհետ ես գործելու եմ առավել ակտիվ, իմ բացը հանդիսատեսը չի զգա: Ժամանակի ընթացքում հասկացա, որ հարկավոր չէ ճոխ ու բարդ տեսահոլովակներ ունենալ, կարելի է պարզապես արագ-արագ տեսանյութեր թողարկել ու այդպիսով գործել միշտ հանդիսատեսի աչքի առաջ: Ես պարապուրդի մատնված չեմ եղել, պարզապես աշխատանքս տեսանելի չեմ դարձրել, ինչն էլ առաջիկայում կուղղեմ: Վերջերս հաճախ մասնակցեցի տարբեր հաղորդումների ու հասկացա, որ մարդիկ ինձնից մեծ սպասելիքներ ունեն, իսկ ես պարտավոր եմ այդ սպասելիքներն արդարացնել»,- վստահեցրեց երգչուհին:

life.panorama.am



Նման նյութեր