Ընկճված և սրտնեղված մարդու խոսքեր են… Արթուր Իսպիրյանը` Հայաստանի օրհներգը փոխելու մասին. asekose.am
Advertisement 1000 x 90

Ընկճված և սրտնեղված մարդու խոսքեր են… Արթուր Իսպիրյանը` Հայաստանի օրհներգը փոխելու մասին. asekose.am

«Երեկ Շառլ Ազնավուրի խոսքերից հետո նորից լսեցի «Քեզ համար, Հայաստան» երգը («Pour toi Arménie»): Այն լսելու բազմաթիվ առիթներ ունեցել եմ, սակայն երեկ արդեն փորձում էի ուշադիր լսել` աչքերս փակելով և մոռանալով, թե  ինչի համար է այն գրված, ուզում էի լսել երգը`որպես օրհներգ: Կարծում եմ, որ շատ գեղեցիկ է և կարելի է օգտագործել որպես երկրի օրհներգ»,- Asekose.am-ին ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը` անդրադառնալով Շառլ Ազնավուրի` «Քեզ համար, Հայաստան» երգը որպես Հայաստանի օրհներգ դարձնելու գաղափարին:

Ըստ Արթուր Իսպիրյանի` ինքը դեմ չի լինի օրհներգի փոփոխությանը.

«Դժվարանում եմ ասել անցյալի հիշողություններով է պայմանավորված, թե ոչ, սակայն իմ կարծիքով` լավագույն օրհներգը Սովետական Հայաստանի օրհներգն էր: Այն բավական գեղեցիկ էր, կարծում եմ, որ չպետք է փոփոխվեր: Ինչ վերաբերում է Ազնավուրի ասածին, ապա պետք է հաշվի առնել նրա գործոնը: Ես ինքս նրան շատ եմ հարգում ու հենց այդ հարգանքից ելնելով` ևս մեկ անգամ լսեցի «Քեզ համար, Հայաստան» երգը, որպեսզի հասկանամ իր գաղափարը: Ազնավուրն այնքան արժանիքներ ունի, ինքը թե ինձ, թե մեր ազգի համար մեծություն է, ըստ այդմ էլ` պետք է հետևել նրա առաջարկներին: Մարդկանց մոտ միակ բանը, որ կարող է տարակուսանք առաջացնել այն է, թե ինչու է Ազնավուրը նման առաջարկով հանդես գալիս միայն տարիներ անց»:

Հիշեցնենք, որ ներկայիս օրհներգի վերաբերյալ Ազնավուրը  Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարի ընթացքում ասել է հետևյալը. «Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում եւ, հնարավոր է, Pour toi Arménie-ն նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, եւ ոչ միայն նա»:

Արթուր Իսպիրյանն անդրադարձավ նաև Ազնավուրի այս դիտարկմանը.

«Եթե անկեղծ լինեմ մեր օրհներգի խոսքերն ինձ էլ դուր չեն գալիս, ընկճված և սրտնեղված մարդու խոսքեր են, ոգևորող օրհներգ չէ: Հակառակը` պետք է մարդկանց օրհներգի խոսքերով հույս և հավատ ներշնչել: Իսկ Շառլ Ազնավուրը, եթե մի բան ասում է, ուրեմն` գիտի, թե ինչու է դա ասում: Ամեն մարդ չի կարող նրա հետ վիճել և ոչ էլ դրա իրավունքն ունի: Այլ հարց կլիներ, որ օրինակ` իր հետ վիճեր Արամ Խաչատրյանը կամ էլ Կոնսերվատորիայի մեկ այլ պրոֆեսոր, դա հասկանալի կլիներ, բայց ամեն մարդ չի կարող կարծիք հայտնել, այդ թվում` նաև ես, ամեն մեկը չի կարող ասել, որ Ազնավուրը ճիշտ չէ: Սակայն կկրկնվեմ, որ ինձ համար լավագույնը Սովետական Հայաստանի օրհներգն էր: Ինչ վերաբերում է ընկալումներին, կարծում եմ,  օրհներգի փոփոխության դեպքում, ժամանակի ընթացքում դրան էլ կսովորենք, ինչպես օրինակ` տարիներ առաջ, երբ իրենք իրենց որոշեցին և փոխեցին օրհներգը: Մարդիկ ժամանակի ընթացքում ամեն ինչին էլ համակերպվում են»,- նշեց Արթուր Իսպիրյանը:

Ամբողջությամբ՝ asekose.am



Նման նյութեր