Սեպտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սոչիում կկայանա «Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթը, որում Հայաստանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կներկայացնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը: Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ՝ իր մասնակցության, նախապատրաստական աշխատանքների, ընտրված երգերի և իր՝ հավանական հաղթանակի մասին:
Թեև Սյուզաննան չցանկացավ շատ փակագծեր բացել իր նոր՝ «Навсегда» երգի մասին, որով ինքը ներկայանալու է մրցույթին, բայց, այնուամենայնիվ, առաջինն Asekose.am-ին հայտնեց որոշ մանրամասներ.
«Երգի երաժշտության հեղինակն ուկրաինաբնակ Շուշան Սարգսյանն է, ով նախագծի շրջանականերում հանդիսանում է նաև իմ երաժշտական պրոդյուսերը, իսկ խոսքերինը՝ ուկրաինացի Նատալյա Ռոստովան է: «Навсегда» երգի նախնական աշխատանքները կատարվել են դեռ հունվար ամսին, իսկ արդեն մարտ ամսին հայտ ներկայացրինք «Նոր Ալիք»-ի նախընտրական փուլին մասնակցելու համար: Տվյալ երգն ի սկզբանե գրվել է հենց այս մրցույթի համար»,- նշեց Սյուզաննան՝ մանրամասնելով, որ օրեր առաջ ստացել է համաձայնություն՝ մրցույթի եզրափակիչ փուլում հենց տվյալ երգը ներկայացնելու համար:
Հարցին՝ արդյո՞ք նա պատրաստ է գնալ կտրուկ ոճային փոփոխության, ինչպես որ այս տարիների ընթացքում եղել մրցույթի որոշ մասնակիցների դեպքում, Սյուզաննան նկատեց.
«Սրանում կարելի է ասել, որ ճակատագրական ինչ-որ մի բան կա: Այսինքն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք դու հայտնվել ես լավ դիզայների ձեռքերում, թե՝ ոչ: Արդեն ծանոթանալով իմ անձնական դիզայների հետ՝ պետք է վստահաբար ասեմ, որ անգամ եթե լինեն որոշ փոփոխություններ, ապա դրանք կլինեն միայն իմ ցանկությամբ: Ես շատ գոհ եմ Լանայից, որովհետև մինչ այսօր այն տարբերակները, որոնք քննարկվել են, եղել են մեր երկուսի համատեղ ցանկությամբ և կարծիքով: Չեմ կարծում, որ կերպարներիս վերջնական արդյունքը կլինի այնպիսին, որ ես սթրեսի մեջ կընկնեմ, ինչն էլ կխանգարի ելույթ ունենալուս»,- հստակեցրեց երգչուհին:
Ամբողջությամբ՝ asekose.am