Իմ կյանքում չկա մի բան, որի համար զղջամ. Գոռ Վարդանյանը դարձավ 45 տարեկան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Իմ կյանքում չկա մի բան, որի համար զղջամ. Գոռ Վարդանյանը դարձավ 45 տարեկան. life.panorama.am

Երեկ դերասան, ռեժիսոր Գոռ Վարդանյանը նշում էր իր  ծննդյան 45-ամյակը: Life.panorama.am-ը անկեղծ զրույց է ունեցել նրա հետ:

-Գոռ, տարեդարձը նշելու հետ կապված նախընտրություններ ունե՞ք:

-Այո, ես ավելի մտերմիկ պայմաններում եմ փորձում նշել ծննդյանս օրը: Այս օրը կողքիս պետք է լինեն ծնողներս ու ընտանիքս, քանի որ նրանցով եմ լիարժեք: Այսօր էլ բացառություն չի լինի, մենք փոքրիկ խնջույք կկազմակերպենք, որին ներկա կլինեն հարազատներս:  Սիրում եմ տարեդարձս այնպես անցկացնել, որ հնարավորինս լավ հիշողություններ մնան:

-Վերարժևորելով անցած տարիները և առանձնացնելով ձեռքբերումներն ու բացթողումները՝ այս պահին որո՞նք կառանձնացնեք:

-Իմ կյանքում չկա մի բան, որի համար զղջամ: Կյանքն այնպիսինն է, որ ապրելով՝ անդադար բարձրունքների ես ուզում հասնել, որոնք էլ դառնում են ձեռքբերումներ: Կարծում եմ՝ ինչքան ապրում ես, այնքան պետք է ձգտումներդ շատանան: Իսկ հիասթափություններ բոլորս ենք ունենում, որոնք անգամ հետաքրքրացնում են կյանքը: Ի վերջո, միապաղաղ կյանքը ձանձրալի է, պետք է լինեն խնդիրներ, որոնք հաղթահարելու դեպքում քեզ ավելի լավ ես զգում: Սա է կյանքը, որն էլ ձևավորում է մարդու անհատականությունը:

-Եթե անկեղծորեն դատեք, որո՞նք են Ձեր բնավորության լավագույն ու վատագույն կողմերը:

-Բոլորն էլ ունեն իրենց բնավորության լավ ու վատ կողմերը: Իդեալական մարդ չի լինում, միշտ էլ թերություններ կան: Կարևոր նախադրյալներ կան, որոնք պետք է պահպանել ողջ կյանքի ընթացքում: Ինձ համար գերկարևոր է, որպեսզի պատասխանատու լինես ինքդ քո առաջ, լինես մաքուր ու հավատարիմ, նաև փորձես կյանքը լավ անկյունից տեսնել, քանի որ լավատեսությունը հաստատ մեծ հաջողությունների կբերի: Ինքս լավատես մարդ եմ, ու հաստատ գիտեմ, որ խնդիրներն ու հաջողությունները գալիս են մարդուց ու իր պատկերացումներից, նաև նրա վերաբերմունքից՝ իրեն շրջապատողների նկատմամբ: Ինչ վերաբերվում է վատ կողմերին, ես խիստ ու պահանջկոտ մարդ եմ: Դա որոշ մարդկանց համար դրական, որոշների համար էլ բացասական տեսակ է: Ինչևէ, լինելով շատ պատասխանատու, սիրում եմ, որ իմ հանդեպ ևս պատասխանատու և արժանապատիվ են լինում:

Գոռ, ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը:

-Առողջությունն ու հավատարմությունը:

-Ի՞նչ եք այսօր Ձեզ մաղթում:

-Ես միշտ ցանկանում եմ բարին տեսնել: Ուզում եմ ծնողներիս, ընտանիքիս, մտերիմների ու երկրիս ամենաբարին լինի, քանի որ երբ բարին և ուրախությունն է քեզ շրջապատում, ինքդ էլ ես այդպիսին դառնում: Կցանկանամ այդ լավ հիվանդությունը մեծ տարածում գտնի:

-Եթե հանդիպեք Աստծուն, շնորհակալություննե՞րը, թե հարցերը շատ կլինեն:

-Ես հավատում եմ Աստծուն, բայց երևակայություններով չեմ ապրում, դա իմ տեսադաշտից դուրս է: Ես կարող եմ միայն շնորհակալ լինել Աստծուն ու ծնողներիս, որ ինձ լույս աշխարհ են բերել, իսկ մնացած ամեն բան ձեռքբերովի է:

life.panorama.am

 



Նման նյութեր