Օրերս երգչուհի Գայա Արզումանյանը իր հանդիսատեսին հանձնեց «Ամեն ինչ կամ ոչինչ» տեսահոլովակը: Երգչուհին երգում ասես ինքն իր մասին պատմի, նա ունի ճանաչում, սեր, բայց անձնական կյանքում դատարկություն է: Life.panorama.am-ի հետ զրույցում Գայան խոսեց տեսահոլովակում ներկայացված հերոսուհու և իր նմանությունների մասին:
«Ի սկզբանե այս երգի խոսքերը մտածված էր մեր կողմից, որի մասին պատմեցինք Ավետ Բարսեղյանին, որից հետո նա մեզ ներկայացրեց մի փոքրիկ պատմություն մեկ մարմնում երկու կանանց պայքարի մասին: Պատմությունն առաջին անգամ ընթերցելուց հետո, այն անմիջապես ասոցացրի ինձ հետ. Այո, սա իմ պատմությունն է»,- նշեց Գայան:
Հարցին, թե երգի խոսքերին համապատասխան, ինքն էլ անձնական կյանք չունի՞, պատասխանեց.
«Մի քիչ չափազանցված կլինի, եթե ասեմ, որ անձնական կյանք ու երջանկություն չունեմ, քանի որ կողքիս ունեմ լավ ընկերներ ու հարազատ մարդիկ, և դեռ այսքանով բավարարվում եմ»
Խոսելով տեսահոլովակի մասին` երգչուհին նկատեց, որ հենց այդպիսի տեսահոլովակ էլ պատկերացրել են.
«Տեսահոլովակի գաղափարը կար, երբ երգը ստեղծման ճանապարհին էր: Տեսահոլովակը հենց այսպիսի սյուժետային զարգացում պետք է ունենար, քանի որ երգն այլ բան չէր թելադրում: Տեսահոլովակիս իրականացման համար վստահեցի իմ շատ սիրելի Հրանտ Մովսիսյանին: Մի քանի խնդիրներ ունեինք մեր առջև դրված, որոնք, կարծում եմ, կարելի է լուծված համարել»:
Մեր նկատառմանը` տեսահոլովակում ակնառու է, որ արտիստուհին այդպես էլ մնում է բեմում, առանց անձնական կյանքի, Գայան նշեց.
«Ճիշտ եք նկատել, քանի որ իսկական արտիստը չպետք է հրաժարվի իր աշխարհից, միևնույն ժամանակ պետք է կողքին ունենա այն մարդուն ով կօգնի ու կաջակցի իրեն կայացման մեծ ճանապարհին»:
Այս տեսահոլովակից զատ, Գայա Արզումանյանն արդեն իսկ նոր աշխատանքներով է զբաղված.
«Շուտով ևս մեկ երգ կներկայացնեմ, որը, հուսով եմ, ամռան ընթացքում կուղեկցի բոլորին»,- ավարտեց երգչուհին: