Արդեն երկու օր է, ինչ քննարկվում է, թե ինչպես է երգիչ Արաբո Իսպիրյանն իր մենահամերգի ժամանակ ամուսնության առաջարկություն արել սիրելիին` Նարինե Գրիգորյանին: Հունիսի 11-ին կայացած մենահամերգի ժամանակ Արաբոն դադարեցրել է իր` «Աննման» երգի կատարումը, ապա բեմ հրավիրել սիրելիին ու անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն արել` նվիրելով նրան խորհրդանշական մատանին: Սիրելիի համաձայնությունը ստանալուց հետո երգիչը մեծ երջանկությամբ շարունակել է մենահամերգը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Արաբոն պատմել է իր խենթ արարքի և սիրելիի մասին:
«Անկեղծ ասած, այդ գաղափարն ունեցա, երբ արդեն սկսեցինք համերգի նախապատրաստական աշխատանքները: Երկար մտածեցի, թե ինչպես դա ավելի գեղեցիկ կլինի և արդյունքում գտա երևի ամենահետաքրքիր տարբերակը»,- պատմեց Արաբոն:
Մեր նկատառմանը, որ շատերի համար անակնկալ էր ոչ միայն երգչի ամուսնության առաջարկությունը, այլև սիրելի ունենալու հանգամանքը, Արաբոն ժպիտով նշեց.
«Այո, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ես ու Նարինեն միասին ենք, բայց ես ամեն կերպ փորձում է այն չհանրայնացնել, քանի որ ուզում էի իմ հանդիսատեսի հետ այդ գեղեցիկ լուրով կիսվել հենց մենահամերգիս օրը: Կարծում եմ` ստացվեց, վստահ եմ, որ ժողովուրդն իմ անձնական երջանկությունը կիսում է և ուրախ է ինձ համար»:
Մեզ հետ զրույցում Արաբոն պատմեց նաև սիրելիի ապրումների մասին.
«Նրա համար սա մեծ անակնկալ էր: Համերգից հետո ինձ ասաց, որ մտքով անգամ չի անցել, որ ես նման քայլի կգնամ: Ապշած էր, իսկ բեմում շատ հուզված էր, ոտքերը դողում էին հուզմունքից»,- ժպիտով պատմեց երչգիչը:
Արաբոն սպասված հարսանիքի վերաբերյալ տեղեկատվություն հայտնել չկարողացավ, այնուամենայնիվ, երգիչը հույս հայտնեց, որ այն այս տարի կկայանա:
Մեր հարցերին, թե ո՞վ է Նարինեն, քանի տարեկան է, ինչ մասնագիտություն ունի, Արաբոն հրաժարվեց մանրամասներ հայտնել:
Իսկ վերջում խոսելով մենահամերգի արդյունքների մասին, Արաբո Իսպիրյանը նշեց.
«Երջանիկ եմ, որ մենահամերգս արդեն կայացած է: Մենք ահռելի աշխատանք ենք տարել, որոնք տվեցին իրենց հաճելի արդյունքները: Ժողովուրդը գոհ և ուրախ հեռացավ, ինչը յուրաքանչյուր արտիստի համար շատ կարևոր ու արժեքավոր է: Ի դեպ` ներկաները չէին կարծում, թե կենադնի երաժշտություն է հնչելու, բայց մենք այդ առումով էլ նրանց անակնկալ մատուցեցինք: Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, որ այդ օրն իմ կողքին էին»: