Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Փարաքարում. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Փարաքարում. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 14-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Փարաքար գյուղում։ Փարաքարի բնակիչները՝ ի նշան բողոքի, գյուղում առաջացած խմելու ջրի անլուծերլի թվացող հարցի համար փակել էին Փարաքարից Արմավիր տանող գլխավոր ճանապարհահատվածը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները անգամ պատրաստվում էին ի նշան բողոքի պառկել ողջ ճանապարհի երկայնքով։ Մթնոլորտն այն աստիճանի էր շիկացել, որ առաջանում էր արդեն հսկայական խցանում, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանը տևական ժամանակ բնակիչներին համոզում էին, որպեսզի ճանապարհը բացեին։

Նրանք խոստանում էին, որ խնդրի մասին իրենք կտեղեկացնեն պատկան մարմիններին, և եթե կարճ ժամանակում ջրի հարցը չլուծվի Փարաքարում, ապա իրենք նույնպես կմիանան բնակիչներին։ Ա. Մովսիսյանի հորդորով ժամանեց գյուղապետ Սամվել Վարդանյանը, ով, սակայն, «կրակի վրա ավելի շատ յուղ լցրեց»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Խմելու ջրի խնդիրն ամեն անգամ բարձրաձայնում ենք, սակայն գյուղապետը միշտ լապշա է կախում մեր ականջներից։ Փորձում են մեղադրել «Վելոիա Ջրին», սակայն «Վեոլիա Ջուրը» ըստ չափաբաժնի բաց է թողնում։ Էս ջրի խնդրի պրոբլեմի մասին լավ էլ գիտի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու գյուղապետ Ս. Վարդանյանը։ Ի՞նչ ա, Վարդանյանը չգիտի՞, թե «Վեոլիա Ջրի» տված ջուրը հիմնականում ում պառնիկներն են ջրում։ Թող իզուր տեղը մարզպետի հետ չգա, էստեղ երեք մանեթնոց լալահառաչ ձայներ հանի, կեղծ արցունքներ թափեն ու շոու անելով թողեն-գնան։ Խնդիրը, ուզենան, ժամերի ընթացքում կլուծեն։

Մեր համբերության բաժակը լցվել է, իսկ հիմա ժամանակավորապես դադարեցնում ենք մեր բողոքի ակցիան, որովհետև հավատում ենք մարզի ոտիկանապետին ու նախկին պատգամավոր Շմայսին, թե չէ, թե՛ մարզպետը, թե՛ գյուղապետը լրիվ պատուհաս են դարձել մեր գլխին։ Օրերով երեխաներին չենք լողացնում։

Որիս տուն մտնեք, լվացքի դեզ է արդեն առաջացել։ Եթե մարզպետը օրը մի քանի անգամ կարա իր սիրտը հովացնի ջրով, մարմինն էլ ցայի, ապա մենք մեր էրեխեքին օրերով չենք լողացնում։ Էս ո՞ր դարում ենք ապրում, որ ջուր չունենալու համար փողոց փակենք։ Կրկնում ենք՝ այս անգամ ոստիկանապետն ու նախկին պատգամավորը մարզպետի նստատեղը փրկեցին, բայց եթե խնդիրը չլուծվի, էլ խաթր չենք անելու»։

Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչո՞ւ եք ամեն ինչ գցում մարզպետի վրա, բողոքողները նեղսրտեցին. «Եթե մարզի թիվ 1 պաշտոնյան նա է, էլ ումի՞ց պահանջենք, թող իզուր տեղը մարզպետարանի հարմարավետ կաբինետներում ծվարած պաշտոնյաները «Վեոլիա Ջրի» վրա բոչկա չգլորեն»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com