«Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է», – այս կոչը «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի ֆուտբոլասերները հիմա երգում են կարմիր սատանաների բոլոր հանդիպումների ժամանակ: «Մառախլապատ Կղզի» տեղափոխվելուց ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, Հայաստանի հավաքականի ավագը միլիոնավոր երկրպագուների կուռքը դարձավ:
«Российская газета»-ին տված հարցազրույցում Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր ռուսական արմատների մասին: Լրագրողը նրան հարց է ուղղել, թե կոնկրետ քանի լեզվի է տիրապետում, և նա հետևյալ պատասխանն է տվել.
«Խոսում եմ 6 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն և անգլերեն: Ռուսերեն սովորել եմ տատիկիս շնորհիվ: Նա ռուս էր»,- ասել է Մխիթարյանը:
Լրատվամիջոցը Մխիթարյանից հարցազրույց է վերցրել Հայաստանի հավաքականի մարզաբազայում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ծավալուն հարցարզույցում, բացի ֆուտբոլիստի ռուսական արմատներից, նրանք զրուցել են տարբեր այլ թեմաներից՝ գրեթե այն ամենից, ինչի մասին Մխիթարյանը հաճախ խոսում է՝ հոր, մանկության, Բրազիլիայում անցկացրած ժամանակաշրջանի, Դորտմունդի «Բորուսիայում» ունեցած դժվարությունների մասին: Այս հարցազրույցը ֆուտբոլիստը տարածել է ֆեյսբուքի իր էջում:
Այս օրերին Մխիթարյանը Հայաստանում է և իր հանգիստն է վայելում ռուս հայտնի մոդել Վիկտորիա Լոպիրյովայի հետ, որը Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպանն է: