Արդեն գրել էինք, որ հաղորդավարուհի Գայանե Փայտյանը և ամուսինը՝ Էդուարդ Միհրանյանըզույգ են ունեցել:
«Փոքրիկներիցս մեկը ծնվեց ուղիղ կեսգիշերին, մյուսը՝ 3 րոպե անց: Զգացողություններս անբացատրելի են, երբեք չէի պատկերացրել, որ մայրանալու զգացումը հենց այսպիսին է լինում: Խոսքերն ի զորու չեն այդ ամենը նկարագրել», –Aysor.am-ի հետ զրույցում ասել է նորաթուխ մայրիկը:
Ծնողները նորածիններին արդեն տեսել են: Հարցին, թե արդյոք երկվորյակներն արտաքուստ շատ նման են միմյանց, մայրիկը պատասխանեց.
«Թեև երկվորյակ են, բայց իրենք տարբեր «պարկերում» էին զարգանում ու բոլորովին միմյանց նման չեն:
Փոխարենը՝ մեկն ամուսնուս է նման, մյուսը՝ ինձ: Հայրիկն էլ է նրանց արդեն տեսել, գիշերն են հանդիպել: Հասկանալու համար նրա երջանկությունը՝ բավական էր նայել աչքերին»:
Գայանեն և Էդուարդը ծնողական բերկրանքը վայելում են գիտակից ու հասուն տարիքում. Գայանեն 43, իսկ Էդուարդը 44 տարեկան է:
«Մենք այս երեխաներին շատ երկար ենք սպասել: Չգիտեմ՝ ինչպիսին են զգացողությունները երիտասարդ տարիքում մայրացողների մոտ, կա՞ տարբերություն, թե՞ ոչ: Միայն գիտեմ, որ այն, ինչ ինձ հետ կատարվում է, անբացատրելի է», – ընդգծեց նա:
Հայ ծնողները, սովորաբար, երազում են, որ իրենց անդրանիկ զավակը տղա լինի, սակայն մեր զրուցակիցը խոստովանեց՝ ուրախությունից մի կաթիլ անգամ չի պակասել, երբ իմացել է, որ աղջիկներ է ունենալու:
«12 շաբաթական հղիության շրջանում ոչ միայն իմացանք, որ զույգ ենք ունենալու, այլ նաև, որ նրանք աղջիկներ են: Ինձ համար բացարձակ տարբերություն չկա, թե երեխան ինչ սեռի է, կարևորը՝ առողջ լինեն: Իսկ իրենք, փառք Աստծո, առողջ են… Շատ ուրախ եմ, որ երկուսն էլ աղջիկ են: Չէ՞ որ կարող եմ իրենց թիթիզ շորիկներ հագցնել, մազերը հարդարել, ինչը լրացուցիչ հաճույք ու ուրախություն կպարգևի ինձ», – ժպիտով նկատեց նա:
Էվա և Էլլա անունները ծնողների ընտրությունն է:
«Երկուսով նստեցինք ու որոշեցինք այնպիսի անուններ տալ մեր զավակներին, որոնք համահունչ կլինեն ազգանվանն ու հայրանվանը: Համացանցում էլ փնտրեցինք ու կանգ առանք հենց այս անունների վրա, որոնք ոչ միայն գեղեցիկ են, միմյանց նման են, այլև համահունչ են», – ընդգծեց Գ. Փայտյանը:
Երեխաների խնամքի հարցում նորաթուխ մայրիկը դայակի օգնությանը չի դիմի, քանի որ կողքին հոգատար հարազատներ ունի: Աշխատանքին վերադառնալու հարցում էլ որոշել է չհապաղել՝ գործունեությանը կվերադառնա առավելագույը երկու ամսից:
Ամբողջությամբ՝ aysor.am