«4 տարբերակ» խմբի վերադարձի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Ինչպես հայտնի էր, խումբը անակնկալներ էր պատրաստում, որպեսզի միասնական կազմով կրկին ներկայանար հանդիսատեսին: Եվ ահա, երկարատև դադարից հետո «4 տարբերակ»-ը կրկին բեմ բարձրացավ Ձախ Հարութի երևանյան մենահամերգին` երգելով նրա երգացանկից «Երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ» երգը:
Դադարի, առաջիկա գործունեության ու խմբի նոր` 4-րդ անդամի մասին Life.panorama.am-ին պատմել է Քնարիկ Զաքարյանը:
«Այո, արդեն մեկ տարի է, ինչ մենք կենտրոնացրինք մեր ուժերն ու քայլեր սկսեցնք ձեռնարկել, որպեսզի «4 տարբերակը» վերադառնա, սակայն, որպես այդպիսին, վերադարձ մեծ բեմ եղավ Ձախ Հարութի մենահամերգը: Նրա հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը մեզ առաջարկեց երգել Հարութ Փամբուկչյանի երգացանկից մի երգ, մենք էլ սիրով համաձայնեցինք, Ձախ Հարութն էլ շատ հավանեց իր երգի մեր մեկնաբանությունը: Ես իսկապես չեմ կարող նկարագրել մեր ապրումներն ու ուրախությունը, երբ երկարատև դադարից հետո մենք կրկին բարձրացանք մարզահամերգային համալիրի մեծ բեմ ու մեզ մեծ ուրախությամբ ծափահարեց այդքան մարդ: Ի դեպ` այս համերգից հետո մենք բազմաթիվ կորպորատիվ երեկոներից հրավերներ ենք ստանում, որպեսզի կրկին կատարենք «Երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ» երգը»,- պատմեց Քնարիկը:
Խումբը պլանավորում է աշնանը նկարահանել սպասված երգի տեսահոլովակը.
«Արդեն մեկ տարի է, ինչ ունենք Ավետ Բարսեղյանի և Վահրամ Պետրոսյանի հեղինակությամբ մեր երգը, որը հասցրել է բավականին սիրվել: Վերջին շրջանում այնքան մեծ է մեր նկատմամբ հետաքրքրությունը, որ պարզապես անհրաժեշտ է մի նոր աշխատանք ներկայացնել: Սակայն մինչ այդ կլինեն ֆոտոշարքեր, երգեր, այսինքն`այսուհետ մեզ հետ կապված նորություններ հաճախ կլսեք»,- հավելեց երգչուհին:
Ինչպես շատերը կհիշեն` «4 տարբերակի»-ից ժամանակին Գոհար Հովհաննիսյանը դուրս եկավ, որպեսզի որպես ժողովրդական երգեր կատարող` շարունակի իր անհատական գործունեությունը: Խումբը երկար ժամանակ շարունակում էր պահպանել իր անունը, սակայն գործում էր երեք անդամով, սակայն երկարատև դադարից հետո «4 տարբերակը» ներկայանում է կրկին չորս անդամով.
«Իհարկե, մենք էլ էինք հասկանում, որ խումբը չի կարող կոչվել «4 տարբերակ», սակայն ունենա երեք անդամ: Պետք է խոստովանեմ, որ երկար ենք այս հարցի շուրջ մտածել, տարբեր մարդկանց տեսել, սակայն միևնույն է, ում էլ փորձում էինք տեսնել մեր չորրորդ անդամի դերում, մի տեսակ օտարություն էինք զգում: Այդ զգացողությունն ունեինք, քանի որ մենք մեր անդամներով նախևառաջ մտերիմ ընկերուհիներ ենք, մեզ համար դժվար էր պատկերացնելը, որ մեզ ևս մեկն է միանալու: Ի վերջո, խմբի նոր անդամ դարձավ կրկին մեր ընկերուհին` Լուիզա Նավասարդյանը: Արդյունքում մեզ մոտ ոչինչ չի փոխվել, մենք ընկերություն ենք անում միասին ու նաև գործընկերներ ենք` աշխատանքում: Այսօր արդեն հստակ կարող եմ ասել, որ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց մեր նոր անդամին, ինչի համար շատ ուրախ ենք»,- նշեց նա:
Քնարիկ Զախարյանը վստահեցրեց` ամեն ինչ անելու են, որպեսզի պահպանեն իրենց դեմքն ու ոճը, մարդիկ, իրենց լսելով, հստակ իմանալու են, որ երգում է հենց «4 տարբերակը»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am