Ես ընտանիք եմ սիրում, չեմ ուզում երեխա ունենալ, ուղղակի ունենալու համար. Անի Լուպե. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ես ընտանիք եմ սիրում, չեմ ուզում երեխա ունենալ, ուղղակի ունենալու համար. Անի Լուպե. life.panorama.am

«Ազիզյանների» սիթքոմի Ռուզանը՝ դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն, երեկ նշում էր ծննդյան 33-ամյակը:

Անի Լուպեն իր ընկերների շրջապատում տոն-աղջիկ է համարվում: Նա հայտնի է իր լայն ժպիտով, միշտ բարձր տրամադրությամբ ու խենթություններով: Life.panorama.am-ը տոնական օրվա և 33-ի անելիքների մասին խոսել է Անիի հետ, ով զրույցի ընթացքում որոշ գաղտնիքներ բացեց մեզ համար:

«Նախ պետք է ասեմ, որ ծննդյանս օրը սարսափելի շատ եմ սիրում ու երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են, թե այդ օրը չեն սիրում, տխրում են և այլն: Ինչպե՞ս  կարելի է այդպես մտածել, չէ որ հենց այդ օրն է պատճառը, որ ապրում ենք տարվա մնացած օրերը ու հաճույք ենք ստանում կյանքից: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ, շատ սիրելով տարեդարձս, երբեք նախապես չեմ պատրաստվում, հատուկ խնջույքների պլաններ չեմ գծում, որովհետև գիտեմ, որ դա ինքնաբերաբար կլինի, ինչը եղավ և այս անգամ: Տարեդարձս դեռ կեսգիշերից սկսվեց, բայց յուրահատուկ կերպով: Ընկերներիցս մեկի հետ էի, սակայն տարօրինակ կերպով կեսգիշերին ոչ մի զանգ չստացա, թեև գիտեի, որ հենց 00:00 լինի, հեռախոսիս անդադար զանգեր կգան: Ինչևէ, զանգեր չստացա, մի քիչ նեղվեցի, ընկերս էլ առաջարկեց գնալ որև սրճարան ու սուրճ խմել: Տեղ հասնելուն պես տեսա, որ այնտեղ ինձ սպասում են բոլոր ընկերներս, ովքեր հատուկ չէին զանգել ու պատրաստվել են այդ անակնկալին: Իհարկե, շատ հաճելի էր գիտակցելը, որ ընկերներս հոգացել են ինձ լավ զգացողություններ պարգևելու համար»,- պատմեց Անի Լուպեն:

Դերասանուհու համար տարիների թիվը բացարձակապես նշանակություն չունի.

«Ինձ համար կապ չունի՝ ես դարձա 20, 30, թե 40: Իմ համար այդ ողջ տարիները մի ընացք է ու չեմ ֆիքսվում տարիքի վրա, դրանք այնքան երկրորդական են կյանք սիրող մարդու համար: «Սիրո խոստովանություն» ներկայացման մեջ մի լավ խոսք կա կանանց նվիրված՝ «Կինը մնում է 30 տարեկան մինչև վերջ» և ես համաձայն եմ դրա հետ: Ինչ վերաբերվում է ծրագրերին, այդ առումով ևս ոչինչ չեմ ծրագրում, կարծում եմ ամեն ինչ կլինի իր ժամանակին և իր ճիշտ պահին»,- նկատեց նա:

Հետաքրքրվելով, թե Անի Լուպեն արդյոք չի՞ ուզում արդեն ընտանիք կազմել և երեխա ունենալ, հատկապես, որ սիրելի ունի, պատասխանեց.

«Ընտանիք ունենալու և մայրանալու մասին մտածել եմ դեռ այն ժամանակ, երբ տիկնիկներով էի խաղում: Կարծում եմ՝ դա ամեն կնոջ առաքելությունն ու երազանքն է, որը բնազդի նման մի բան է, սակայն դա այնպիսի մի բան է, որը չես կարող պլանավորել: Այսինքն՝ ես ամեն օր դրա ցանկությունը ունեմ, բայց չեմ էլ կենտրոնանում դրա վրա, իսկ թե երբ կլինի, ինքս էլ չգիտեմ, միայն մի բան հաստատ է՝ այդ ամենը պետք է սիրով ստացվի: Գիտեք, գաղտիք բացեմ, որքան էլ թվում է, թե ես ռիսկային մարդ եմ, բայց իրականում, դա այնքան էլ այդպես չէ: Ես էությամբ ավելի ռոմանտիկ եմ, և կարծում եմ, որ ընտանիք կազմելու գաղափարը պետք է լինի տղամարդու կողմից, այդ առումով կինը ավելի համեստ պետք է լինի: Ամեն դեպքում, ես ու սիրելիս երջանիկ են, նրա հետ է անցնում իմ օրը ու նրա հետ էլ ավարտվում, և չեմ կարծում, որ զույգերի մեջ օրինական հարթությունը գերխնդիր է»:

Մայրանալու հետ կապված Անի Լուպեն ևս հստակ սկզբունքներ ունի.

«Ես ոչ մեկին չեմ քննադատում, ամեն մեկն իր կյանքի տերն է ու իր ապրելու ձևն ունի: Սակայն ես մի տեսակ ավելի շատ ընտանիք եմ սիրում, չեմ ուզում երեխա ունենալ, ուղղակի ունենալու համար: Շատ լավ է, երբ երեխան ընտանիքում է ծնվում, ոչ միայն նրա համար, որ պապայի առկայությունը պարտադիր է, այլ որովհետև միասին ուրախությունը էլ ավելի լավ է: Իրականում, չգիտեմ իմ կյանքն ինչպես կդասավորվի, բայց մի բան հաստատ է՝ մայրանալն ինձ համար շատ պատասխանատու քայլ է: Որպես բեմի մարդ՝ ես դեռ պատրաստ չեմ թողնել աշխատանքս, փոխել կազմվածքս, որին հիվանդագին եմ վերաբերվում: Դա իմ կյանքում կլինի այն ժամանակ, երբ Աստված կամենա ու երբ ես պատրաստ լինեմ»,- անկեղծացավ դերասանուհին:

Վերջում հետաքրքրվելով Անի Լուպեի առաջիկա անելիքներով, դերասանուհի-երգչուհին նշեց.

«Ես ողջ տարին սպասում եմ, որ ամռանը ապրեմ: Սա իմ ապրելու եղանակն է, քանի որ աշխատանքները կարծես թե պասիվ են, թատրոնը գնում է արձակուրդ, նախագծերը ավարտվում են, և ես պարզապես վայելում եմ հանգիստս, որին սպասել եմ մի ամբողջ տարի»:

 



Նման նյութեր