33-ամյա Հերմինե Տերտերյանը երկու որդի ունի՝ 6 և 8 տարեկան, և վաղուց երազում էր դուստր ունենալու մասին: Այսօր Հերմինեն տուն է վերադարձել 2 դստեր ու ևս 1 որդու հետ:
Հերմինեն հղիացել է առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնության: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ երբ առաջին անգամ Թալինում ՈւՁՀի գնաց, ասացին, որ երկվորյակ է ունենալու: Երևան գալով՝ իմացավ, որ իրականում եռյակ է ունենալու: Իմանալով, որ առնվազն մեկն աղջիկ է, Հերմինեն շատ է ուրախացել:
Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Սերինե Մելիքսեթյանը պատմեց, որ եռյակը ծնվել է մայիսի 12-ին, հղիության 31-32 շաբաթում, կեսարյան հատման միջոցով: Աղջիկները ծնվել են 1350 և 1500 գրամ քաշով, տղան՝ 1710 գրամ: Երեխաները շնչառության և մարսողության հետ կապված խնդիրներ են ունեցել, այդ պատճառով մեկ ամիս նրանք բուժում են ստացել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Հիմա արդեն աղջիկները 1800 գրամ են կշռում, տղան՝ 2 կգ: Նրանք անցել են բոլոր սքրինինգային հետազոտությունները, փոքրիկների վիճակը բավարար է գնահատվում: Այսօր դուրս են գրվել հիվանդանոցից և մինչև Թալին երկար ճանապարհ պետք է անցնեն:
Հերմինե Տերտերյանը պատմեց, որ սեփական բնակարան չեն, վարձով ապրում են ոչ մեծ բնակարանում, որտեղ բավական դժվար կլինի հինգ երեխաների մեծացնել: Ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, և եկամտի զգալի մասը ծախսում են բնակարանի վարձի համար: