Life.panorama.am-ին երգչուհի Ջուսը հայտնեց, որ երեկ կայացել է իր ամուսնալուծության գործով առաջին դատական նիստը, որին նրա ամուսինը՝ Վահագն Մանուկյանը, չի կարողացել մասնակցել որպես պատասխանող կողմ՝ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու պատճառով: Մեզ հետ զրույցում Ջուսը նշեց, որ ամուսինը իրեն չի կարողացել զսպել, երբ ինքը հայտնել է, որ ոչ մի ընդհանուր բան չունի նրա հետ: Այդ ժամանակ Վահագն Մանուկյանը տեղից բղավել է՝ նշելով «Որ հետս քնում էիր, լա՞վ էր, որ հետս քնում էիր, ունեի՞ր ընդհանուր բան, իսկ հիմա սե՞նց»:
Ջուսի խոսքով՝ ամուսնու նման պահվածքի պատճառը նրան ստիպում է էլ ավելի արագացնել բաժանությունը.
«Ինչպես շատերը գիտեն՝ բաժանության որոշումը իմն էր, ինքս եմ դիմել դատարան, քանի որ Վահագնը չէր ուզում նորմալ ճանապարհով դա ընթանար: Հիմա չգիտեմ՝ ինչով բացատրեմ երեկվա իր պահվածքը դատարանում, հավանաբար տղամարդկանց, երբ թողնում ես, նրանք սկսում են չարանալ քո նկատմամբ կամ պաշտպանողական ռեակցիա ցուցաբերել»,- նշեց Ջուսն ու շարունակեց.
«Առաջ զանգում էր, վատ խոսքեր ասում, հայհոյում, բայց երբ դիմեցի ոստիկանություն, այլևս չէր զանգում, միայն այսօր դատական նիստի ժամանակ, երբ ասացի, որ ոչ մի ընդհանուր բան չունենք, նա նստած տեղից շատ վատ բաներ ասաց»:
Մեր նկատառմանը, որ Վահագն Մանուկյանը, լինելով փաստաբան, լավագույնս էր տեղյակ, որ փաստաթղթերի առկայությունը դատական նիստին մասնակցելու համար կարևոր է, այնուամենայնիվ, առանց դրանց է ներկայացել, և հարցին, թե արդյոք Վահագնի նման քայլը հուշում է, որ նա չի ուզում ամուսնալուծվել, երգչուհին պատասխանեց.
«Առաջ չէր ուզում ամուսնալուծվել, հիմա՝ չգիտեմ: Եթե տղամարդը չի ցանկանում կորցնել իր կնոջը, ուզում է հաշտության եզրեր գտնել, նա բոլորովին ուրիշ, գեղեցիկ ու լավ քայլերի պետք է դիմի, այլ ոչ թե անհարկի վիրավորի ու հայհոյի: Ես չեմ նկատել, որ Վահագնը ուզում է ինձ հետ բերել»:
Ի դեպ՝ օրերս Ջուսն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ կոչ էր արել արական սեռի ներկայացուցիչներն իրեն չժամադրել: Հարցին, թե Ջուսը շա՞տ է նման նամակներ ստանում, պատասխանեց.
«Բոլոր հայտնիներն էլ նման նամակներ շատ-շատ են ստանում, պարզապես նրանք դրանց մասին չեն խոսում: Նմանատիպ նամակներ ես առաջ էլ էի ստանում, սակայն, երբ հայտարարեցի, որ ամուսնացած եմ, դրանք դադարեցին, իսկ Վահագնի տված առաջին հարցազրույցից հետո, որտեղ նա ինձ վիրավորել էր, այդ նամակները կրկին սկսեցին ակտիվանալ: Ես ապշում եմ, երբ ոչ բարո առաջարկություններով տեքստեր եմ տեսնում ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց կողմից: Տղամարդիկ առաջարկում են անգամ իմ ստրուկը դառնալ, նույնիսկ գումար են առաջարկում իմ կողքին լինելու համար: Գիտեք, որպես հայտնի մարդ, փորձում էի դրանք անտեսել, բայց ժամանակի ընթացքում դրանք ինձ հունից հանեցին, այդ պատճառով էլ իմ էջում հայտարարեցի, որ չեմ պատրաստվում և ոչ մեկի հետ հանդիպել կամ նամակագրական կապ ունենալ: Ես դրանցից ոչ մեկին չեմ պատասխանում»:
Հունիսի 21-ին կկայանա Ջուսի և Վահագն Մանուկյանի ամուսնալուծության գործով երկրորդ դատական նիստը: