Քչերը գիտեն, որ Նարեկ Բավեյանը մանուկ հասակում ժողովրդական երգեր է երգել։ Զուգահեռաբար 7 տարի ջութակ է նվագել։ Մասնակցել է «Դո-ռե-մի», «Ընծա» մրցույթներին՝ գրավելով 3-րդ տեղը, նաև՝ «Կանաչ գոտի» նախագծին։ Այս տարի Նարեկը կավարտի ԵՊԿ-ի ջազային-էստրադային բաժինը։
– Նարեկ, դժվար չէ՞ր ուղի հարթել միջակ կատարողներով հեղեղված հայկական շոու-բիզնեսում։
– Իմ ուղին ամբողջությամբ հարթված չէ։ Ես այն մշտապես հարթել եմ, սակայն ո՛չ ծանոթություններով, ո՛չ հզոր ու ազդեցիկ բարեկամներով և ո՛չ էլ խոշոր գումարներով։ Վաղուց աշխատում եմ իմ մանկության ընկեր Մարտին Միրզոյանի հետ։ Միասին փորձել ենք երգեր ձայնագրել, գեղեցիկ գործիքավորել, ձայնագրվել ամենալավ ստուդիաներում, որպեսզի մաքսիմում որակ ստանանք։ Ըստ իս՝ ուղի պետք է հարթել գործով, լավ գործով, աշխատել, փորձել։ Չստացվեց՝ նորից փորձել, մինչև քո երգերից մի քանիսը սիրվեն։
– Դու գտե՞լ ես քո ոճը երգարվեստում, թե՞ դեռ փնտրտուքների մեջ ես։ Կարո՞ղ է մի գեղեցիկ օր դու էլ ռաբիս երգես։
– Իմ ոճը մոտ է լիրիկականին, փոփին։ Միգուցե որոշ ժամանակ անց իմ ոճին հարազատ մնալով՝ կարողանամ հետաքրքիր փոփոխություններ մտցնել, բայց կտրուկ և կոպիտ շեղումներ չեն լինի։ Ես շատ եմ հարգում ժողովրդական երգարվեստը, բայց այդ ոճում թող երգեն ժողովրդական երգի մասնագետները, թեև չի բացառվում, որ օրերից մի օր երգեմ ժողովրդական երգ։ Նշեմ, որ ինձ արդեն առաջարկել են 6/8-եր պատրաստել։ Ես ռաբիս չեմ երգի, դա իմը չէ։ Ես չեմ էլ կարող ռաբիս լավ երգել։ Եթե չեմ կարող՝ հաստատ չեմ երգի։
– Այժմ ի՞նչ ես անում Երգի պետական թատրոնում։
– ԵՊԹ-ում այժմ մենք նստած ենք իմ և Մ. Միրզոյանի աշխատասենյակում, որտեղ կատարվում են մեր նախնական փորձերը, իմ երգերի գործիքավորումները։ Ես երգի թատրոնի սանն եմ եղել, և այստեղից միշտ էլ շատ բաներ ունեմ սովորելու։ Դեռ չեմ դասավանդում։ Երբ զգամ, որ պատրաստ եմ դրան, ու դա կստացվի ինձ մոտ, անպայման կդասավանդեմ։ Ի դեպ, դա հեռավոր ապագայում չի լինի։
– Ի տարբերություն հայ շատ կատարող-ուսանողների՝ քեզ շատ հաճախ կարելի է տեսնել Կոնսերվատորիայում։
– Միգուցե ես ավելի շատ ժամանակ տրամադրել եմ ուսմանը. դա բնավորության գիծ է։ Ես գտնում եմ՝ եթե մարդը որոշում է ինչ-որ բան անել (կլինի ուսում, զինծառայություն, թե CD-ի ձայնագրություն) պետք է լավ, լիարժեք անի։ Եթե չպետք է հաճախեի դասերին, ուրեմն ընդունվելս անիմաստ կլիներ։ Կամ, եթե ընդունվել եմ, բայց զբաղված եմ, պետք է փորձեմ հնարավորինս շատ գիտելիքներ քաղել։ Իհարկե, պետք է շոուներին և մրցանակաբաշխություններին էլ ժամանակ տրամադրել. առանց դրանց ստվերում կմնաս։
– Ի՞նչ կասես ֆոնոգրամայով երգելու մասին։
– Շատ դեպքերում չպետք է երգիչներին մեղադրել։ Հաճախ կազմակերպիչները նշում են, որ համերգը լինելու է ֆոնոգրամայով, ինչը գալիս է տեխնիկական հնարավորություններից և, իհարկե, որոշ երգիչների ոչ ընդունակ լինելուց, նաև՝ անվստահությունից։ Բացի այդ, կան հեռարձակման հետ կապված խնդիրներ։ Որոշ շոուներում ոչ միայն ներելի է, այլև պետք է ֆոնոգրամայով երգել։ Ես երգել եմ ֆոնոգրամայով, և եթե շոուների օրենքներով պահանջվի, էլի կերգեմ։ Այդ ձևի մեջ դա նորմալ է։ Բայց հիմնականում կողմ եմ կենդանի հնչողությանը։
– Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում ռեստորանային համալիրներում և ակումբներում երգելուն։ Երբևէ կերգե՞ս նման վայրերում։
– Վատ չեմ վերաբերվում։ Նմանատիպ վայրերում երգելը նորմալ երևույթ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Հնարավոր է՝ մի օր էլ ես այնտեղ աշխատեմ։ Միայն թե պետք է ճիշտ ընտրել՝ ո՞ր ակումբում և ո՞ր երգիչների կողքին երգել։
– Գիտեմ, որ դու ինքնակրթությամբ ես զբաղվում, շատ ես կարդում, ինչը հայ աստղերի դեպքում հազվագյուտ երևույթ է։
– Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Ես առաջին հերթին կարդում եմ ինձ, իմ մտահորիզոնն ու հոգին հարստացնելու համար։ Ժամանակ գտնելը շատ հեշտ է, միայն ցանկություն է պետք։ Գնացիր տուն, գործերդ վերջացրեցիր, քնելուց առաջ կարելի է հետաքրքրության դեպքում մի կես ժամ գիրք ընթերցել, հետո գիրքը ծալել ու քնել։
– Ինչպիսի՞ն է կնոջ քո իդեալը։
– Կնոջ իդեալ՝ որպես այդպիսին, չունեմ։ Ուղղակի կինը պետք է կանացի լինի։ Կնոջը նայելիս պետք է տեսնել մայր, ընկերուհի, լավ ընկեր, հոգով և, ինչո՞ւ չէ, արտաքինով գեղեցիկ էակ։ Կնոջ վարքի, բնավորության և շարժուձևի մեջ չեմ սիրում կոպտությունն ու գռեհկությունը։
– Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում աղջկա կողմից առաջին քայլին։
– Չեմ քննադատում, բայց չեմ էլ ողջունում։ Եվ չեմ էլ բացառում, որ երբևէ կարող եմ լուրջ վերաբերվել ու նորմալ շփվել նմանատիպ աղջկա հետ։ Միմյանց հասկանալու դեպքում կարևոր չէ, թե ո՞վ է առաջին քայլը կատարել։ Կինն ունի իր գաղտնիքները, և, իմ կարծիքով՝ ոչ ոք չի կարող դրանք պարզել։ Չէ՞ որ նա մեկ շարժումով կամ հայացքով շատ բան կարող է հասկացնել։
Մերի Առաքելյան
«3 Միլիոն»