Հայաստանյան բջջային կապի 3 օպերատորները՝ ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ (Vivacell-MTS), ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ-ն (Beeline) և ՅՈՒՔՈՄ-ը, 2017 թվականի 1-ին եռամսյակի վերջի դրությամբ միասին ունեցել են 3 մլն 401.4 հազար շարժական կապի ակտիվ բաժանորդ։ Այդ մասին են օպերատորների` շարժական բջջային կապի ծառայությունների 2017 թվականի 1-ին եռամսյակի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների տվյալները (տվյալները մշակվել են B4B PRO համակարգի միջոցով)։
2016 թվականի վերջի համեմատ՝ 3 ամիսների ընթացքում, բաժանորդների ընդհանուր թիվը նվազել է 33 356-ով։ Նվազել է թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային բաժանորդների թիվը։
Սակայն ինչպես տեսնում եք այս գծապատկերում, 2016 թվականի 1-ին եռամսյակի վերջի համեմատ հետվճարային բաժանորդների թիվը նվազել է, իսկ կանխավճարային բաժանորդներինը՝ աճել։
Ըստ ընկերությունների՝ 2017-ի առաջին եռամսյակի ընթացքում ամենից շատ՝ 17 928-ով, նվազել է ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ի բաժանորդների թիվը։ Նվազման առումով երկրորդ տեղում ՅՈՒՔՈՄ-ն է, որի բաժանորդների թիվը նվազել է 4 190-ով, իսկ ԱՐՄԵՆՏԵԼ-ի բաժանորդները կրճատվել են 4 820-ով։
Սակայն փոփոխությունները էական չեն եղել, որպեսզի ազդեն շարժական կապի շուկայի կառուցվածքի վրա։ Առաջատարը շարունակում է մնալ ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ը, որին բաժին է ընկնում շարժական կապի ակտիվ բաժանորդների թվի 61%-ը (2 մլն 74 հազար 429 բաժանորդ)։
ԱՐՄԵՆՏԵԼ-ի շարժական կապի բաժանորդների թիվը 876 360 է (25.8%), իսկ ՅՈՒՔՈՄ-ինը՝ 450 630 (13.2%)։
Ընդ որում, եթե դիտարկենք կանխավճարային և հետվճարային սեգմենտներն առանձին, ապա պատկերը որոշակիորեն փոխվում է։
Կանխավճարային բաժանորդների դեպքում հարաբերակցությունը գրեթե նույնն է՝ ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ՝ 61%, ԱՐՄԵՆՏԵԼ` 27%, ՅՈՒՔՈՄ՝ 12%։
Իսկ հետվճարային բաժանորդների տեսանկյունից՝ ՅՈՒՔՈՄ-ն իր կշռով երկրորդն է՝ 22%։ Այն ունի ավելի շատ հետվճարային բաժանորդ, քան ԱՐՄԵՆՏԵԼ-ը։