Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 29-ից հուլիսի 9-ը: Փառատոնին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:
Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:
Մինչ Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մեկնարկը՝ Արցախում կկազմակերպվի փառատոնին ընդառաջ համերգ: Գանձասարի Մատենադարանում հունիսի 27-ին կազմակերպվելիք երեկոյին Ժորա Սարգսյանի հետ ելույթ կունենա Ագուստին Պեսնոնը (կիթառ, Ֆրանսիա): Վերջինս Paris Guitar Foundation-ի նախագահն է, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր: Ժորա Սարգսյանը և Ագուստին Պեսնոնը հանդես կգան նաև փառատոնի բացման համերգին, որը տեղի կունենա հունիսի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Կարևորելով մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը՝ փառատոնային համերգ կկազմակերպվի նաև Երևանից դուրս: Հուլիսի 1-ին Ջերմուկում համերգով հանդես կգան Ժորա Սարգսյանը, Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը, Հենրիկ Մելիքյանը, Հասմիկ Ասատրյանը (բոլորը՝ Հայաստան): Համերգը տեղի կունենա Շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: Փառատոնային հաջորդ համերգը կայանա հուլիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մենահամերգով հանդես կգա Վլադիմիր Կիրասիրովը (կիթառ, Ռուսաստան): Վերջինս Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս է:
Հուլիսի 5-ին ՀԲԸՄ-ում կանցկացվի փառատոնային հաջորդ համերգը: Ելույթներով հանդես կգան Վաժա Կալանդաձեն, Գեորգի Կուձանաշվիլին (երկուսն էլ՝ Վրաստան), Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը, Հենրիկ Մելիքյանը (Հայաստան): Համերգը յուրահատուկ է նրանով, որ երեկոյի ընթացքում կստեղծվի հայ-վրացական կիթառի նվագախումբ. մեկ երեկոյի ընթացքում հանդես կգան 20 կիթառահար: Սա բացառիկ երևույթ է տարածաշրջանում:
Փառատոնի փակումը կնշանավորվի յուրահատուկ համերգ-երեկոյով: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հուլիսի 9-ին հանդես կգան Վլադիմիր Կիրասիրովը, Ժորա Սարգսյանը, Եվգենիա Մարկովան (բոլորը՝ Ռուսաստան), Արիկ Բամբիռը, Վահագն Մարգարյանը, Եվա Գևորգյանը, Պերճ Նահապետյանը (բոլորը՝ Հայաստան):
Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար:
Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը: