Ռեժիսոր Արեն Բայադյանը վերջերս իր հետ կատաված դժբախտ դեպքից հետո առաջին անգամ ֆեյսբուքյան էջի միջոցով ակնարկել է վերադարձի մասին: Նա անվանական լոգոտիպով լուսանկար է հրապարակել ու այն հենց այդպես էլ մակագրել՝ վերադարձ:
Life.panorama.am-ը կապ հաստատեց ռեժիսորի հետ, ով նշեց, որ իրեն արդեն լավ է զգում.
«Շնորհակալ եմ անհանգստության համար, ուրախ եմ, որ արդեն տանն եմ, ինձ լավ եմ զգում ու գնալով ապաքինվում եմ»,- նշեց Արենը:
Հարցին, թե գրեթե մեկ ամիս առաջ Հրազդանի կիրճում կոտրվածքներով հայտնաբերված ռեժիսորը անձամբ կմեկնաբանի՞ արդյոք իր հետ կատարվածը, քանի որ այս ընթացքում բազմաթիվ ասեկոսեներ են պտտվել իր շուրջ, պատասխանեց.
«Այդ բոլոր ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը: Դա պարզապես դժբախտ պատահար էր, ես սայթակել ու ընկել էի, ուրիշ ոչինչ»:
Անդրադառնալով աշխատանքային գործունեությանն իր վերադարձին՝ ռեժիսորը նշեց.
«Այո, այդպիսով հայտարարեցի, որ նոր ուժերով ու լիցքերով վերադառնում եմ աշխատանքի: Ընդամենը օրեր հետո կսկսեմ ավելի կոնկրետ քայլերս այդ ուղղությամբ: Հիմա մի շարք ծրագրեր կան, հարկավոր է կոնկրետ համակարգելով առաջ շարժվել»: