Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան, որին պատրաստվում է մասնակցել նաև երկրի ղեկավարը:
Հատուկ լրագրողների համար կազմակերպված ցուցադրությունից հետո, երեկ ֆիլմի ստեղծագործական թիմը հանդես եկավ նաև մամուլի ասուլիսով՝ մանրամասնելով նկարահանման հետ կապված հետաքրքիր դրվագներ. «90-ականներին, երբ մենք КВН էինք խաղում և հաճախ բացակայում էինք երկրից, մեր հասակակից շատ տղաներ կռվում էին մարտի դաշտում, նրանցից շատերը, ցավոք, նաև զոհվում էին: Գուցե ավելի ճիշտ կլիներ, որ մենք էլ գնայինք ու կռվեինք, և ոչ թե՝ КВН խաղայինք… Այս միտքը ինձ շատ երկար ժամանակ հանգիստ չի տվել։ Մեկ տարի առաջ նման ֆիլմ նկարահանելու որոշում կայացրեցինք, որը, կարծում եմ, յուրօրինակ ձևով պարտքի գիտակցում էր մեզ համար»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը։
«Կյանք ու կռիվ» ֆիլմի հերոսները մանկության 4 ընկերներ են՝ Էդուարդը, Տիգրանը, Լևոնը և Արմենը, որոնցից երկուսը Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու որոշում են կայացնում, գնում կռիվ ու զոհվում։ Ֆիլմը պատերազմի և սիրո պատմություն է՝ խեղված ճակատագրերի, պատերազմի ոչնչացնող դառը շնչի իրական նկարագրությամբ: Այն պատմում և ցույց է տալիս 90-ականների երկիրը՝ սոցիալական ճգնաժամի մութուցուրտ տարիները, իսկ պատերազմի մասսայական տեսարաններում կիրառվել է իրական զինտեխնիկա՝ պայթուցիկներ, ուղղաթիռներ, ծանր տեխնիկա և այլ տեսակի զինամթերք, ինչի տրամադրման և առհասարակ ֆիլմի նկարահանմանն աջակցելու համար ռեժիսոր Մհեր Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
Անդրադառնալով դերասանական կազմի ընտրությանը Մհեր Մկրտչյանը հատուկ ընդգծեց, որ իրենք գիտակցաբար հրաժարվել են արդեն հանրածանոթ դերասանական կազմի ընտրությունից՝ նախապատվությունը տալով երտասարդ սերնդին՝ այսպիսով հաղորդելով ֆիլմին թարմ շունչ: Նկարահանման աշխատանքներում ներգրավվել են Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թոփալյանը, Անի Խաչիկյանը, Հայկ և Վարդան Պետրոսյանները, Սամվել Թադևոսյանը, Հայկ Մարգարյանը (ՀՏ Հայկո), Էլեն Սարգսյանը:
Պրոդյուսեր Կարեն Ղազարյանը ֆիլմի հաջողության կարևոր գրավականներից մեկն է համարում ընտրված երաժշտությունը, որ հատուկ ֆիլմի համար գրվել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի կողմից, սաունդթրեքի հեղինակն Արթուր Գրիգորյանն է։
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ծնվել է նաև ֆիլմի 2-րդ մասը ստեղծելու գաղափարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ ավելացնելով միայն, որ այն արդեն ընթացքի մեջ է:
Տեղեկացնենք, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմը կինոսեր հանդիսատեսի համար էկրան կբարձրանա սեպտեմբերի 21-ին և կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:
ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ