Մեծ Բրիտանիան կվերանայի ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին հունիսի 21-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ գահաճառով հանդես գալով խորհրդարանում:
«Մանչեսթրում և Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողությունների լույսով իմ կառավարության հակաահաբեկչական ռազմավարությունը կվերանայվի՝ երաշխավորելու, որ ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները կունենան անհրաժեշտ բոլոր լիազորությունները, և որ ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար պատժաժամկետների տևողությունը բավարար կլինի բնակչության անվտանգության համար»,- ասել է նա:
«Ստեղծվելու է ծայրահեղականության հակազդման հանձնաժողով՝ նպատակ ունենալով ինչպես հասարակության մեջ, այնպես էլ Համացանցում ծայրահեղականության գաղափարախոսությունը՝ դրա բոլոր դրսևորումներով, արմատախիլ անելու գործում կառավարության ջանքերին աջակցելը»,- նշել է միապետը:
Վերջին երեք ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել չորս ահաբեկչական գործողություն, որոնցից երեքը՝ Լոնդոնում: Զոհվել են տասնյակ մարդիկ, իսկ ոստիկանությունը փոխադրվել է աշխատանքի ուժեղացված ռեժիմի:
Իր ավանդական ելույթի ընթացքում միապետը ներկայացրել է կառավարության գործունեության առաջիկա երկու տարվա ծրագիրը: Ընթերցելով իր համար վարչապետ Թերեզա Մեյի դիվանատան կողմից պատրաստված ճառը՝ թագուհին բացել է նոր գումարման օրենսդիր մարմնի առաջին նստաշրջանը: Այն ձևավորվել է հունիսի 8-ին կայացած ընտրությունների արդյունքներով: