Այսօր դերասան, ռեժիսոր Արտյոմ Մարկոսյանի ծննդյան 42-ամյակն է: Դերասանը տոնական տրամադրությամբ կիսվել է Life.panorama.am-ի հետ ՝ խոսելով տարիքային առանձնահատկության մասին:
«Տարիների գումարն ինձ ուրախացնում է՝ նշանակում է ապրում եմ: Գիտեք, երբեք չեմ կենտրոնացել, թե քանի տարեկան դարձա, որքան մեծացա, դրանք այնքան երկրորդական են: Բացի այդ, ամեն տարիք իր յուրահատկությունն ունի, իր նշանակությունն ու գեղեցկությունը: Ես ամեն տարվա մեջ իր հրաշքն եմ գտնում, ուզում եմ ես ու բոլորը շատ երկար ապրենք, որ անդադար զգանք ապրելու հրաշքը»,- նշեց Արտյոմ Մարկոսյանը:
Դերասանը վստահ է՝ անկախ տարիքից նպատակասլաց մարդը կարող է հասնել հաջողությունների.
«Չեմ կարծում, որ տարիքն է մարդուն աշխատասեր դարձնում, կամ հակառակը: Եթե մարդ սիրում է աշխատել, նոր հորիզոնների հասնել, ապա նա դա կանի յուրաքանչյուր տարիքում: Կոնկրետ ես տարիների ընթացքում ավելի թրծվում եմ, իմաստանում, իսկ ինչ վերաբերվում է նպատակներին, դրանք իմ առաջ դրված են, պարզապես սիրում եմ նպատակների մասին խոսել, երբ դերանք արդեն իսկ իրականություն են, իսկ իրականացման համար ես իսկապես ջանք չեմ խնայում: Ես պարտավոր եմ ու պատասխանատու իմ հանդիսատեսի առաջ, որոնք ինձնից սպասում են նորությունների»,- հավելեց նա:
42-ամյա Արտյոմ Մարկոսյանը, ինչպես բոլորը, կյանքում ունեցել է և ձեռքբերումներ, և բացթողումներ, բայց իր խոսքով՝ երբեք հետ չի նայում.
«Իհարկե, բացթողումներ ունեցել եմ, բայց, հավատացեք, երբեք դրանց վրա չեմ կենտրոնանում, քանի որ դա ինձ խանգարում է առաջ շարժվել: Ես հետ չեմ նայում, իմ մտքերը միայն ներկայի ու ապագայի հետ են կապված: Գուցե այսպես եմ մտածում, քանի որ ոչ մի ճակատագրական բացթողում իմ կյանքում չի եղել, իսկ փոքրիկ խնդիրները միայն նպաստում են իմ թրծմանը: Դե իսկ ձեռքբերումներս շատ-շատ են, արդեն 42 տարի է, ինչ ամեն բացվող առավոտն ինձ համար ձեռքբերում է: Այն, որ ամեն օր հնարավորություն ունենք արթնանալու ու ապրելու, արդեն իսկ ամենամեծ ու կարևոր հարստությունն է: Իսկ բացի դրանից, փառք Աստծո, ունեմ ընտանիք, ընկերներ ու սիրված աշխատանք, որը ևս խիստ կարևոր է մարդու համար»,- նշեց Արտյոմ Մարկոսյանը:
Խոսելով երեխաների և կնոջ մասին՝ դերասանը պատմեց, որ նրանց ջերմ ընկերակցությամբ է մեկնարկել տարեդարձը.
«Երեկ ներկայացում ունեի, երեկոյան հոգնած գնացի տուն, բայց կեսգիշերին ընտանիքս ինձ շատ ջերմ անակնկալ մատուցեց, որից հետո հոգնածությունս կարծես չքացավ: Ես իսկապես հրաշք ընտանիք ունեմ, ինչի համար շնորհակալ եմ Տիրոջը: Ի դեպ՝ շնորհակալ եմ նաև ինձ շրջապատող բոլոր մարդկանց, ովքեր կողքիս են, կիսում են իմ երջանկությունը, շնորհակալ եմ ընկերության համար ու այն ջերմության, որը անդադար ստանում եմ նրանց կողմից»,- ավարտեց հոբելյարը: