Որոշ ժամանակ էկրանային դադար վերցրած երգիչ Գևորգ Մարտիրոսյանն օրերս իր հանդիսատեսին է հանձնել նոր՝ «Ամենասիրուն» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Life.panorama.am-ի հետ զրուցում երգիչը նշեց, որ ստեղծագործող մարդու համար էկրանային դադարները պետք են.
«Միշտ էլ գալիս է ժամանակ, երբ պետք է մի փոքր հանգստանալ՝ ավելի մեծ էներգիա վերցնելու ու ներկայանալու համար: Թեև դադարը միայն հանդիսատեսի համար էր, այս ընթացքում պարապուրդի մատնված չեմ եղել ու աշխատել եմ, պարզապես էկրաններին դա տեսանելի չի եղել: Ինչևէ, հուսամ, որ առաջիկայում իմ ակտիվ գործունեությամբ կարդարացնեմ բացակայությունս, քանի որ ծրագրերս բավականին շատ են ու բուռն»,- նշեց Գևորգը:
Խոսելով նոր՝ «Ամենասիրուն» երգի մասին՝ Գևորգ Մարտիրոսյանը պատմեց.
«Երգի հեղինակը ընկերս է՝ Վիգեն Գևորգյանը: Նա երաժիշտ չէ, բայց երբեմն-երբեմն ստեղծագործում է: Այս երգն էլ առաջին անգամ, երբ ցույց տվեց ինձ, անմիջապես հավանեցի: Նմանատիպ երգ իմ երգացանկում չունեի, ուստի տեսահոլովակ նկարահանելու որոշումը ևս շատ չուշացրի: Երգը կոմերցիոն չէ, այն շատ գեղեցիկ ստեղծագործություն է, որտեղ չկան հայկական, արևելյան կամ մեկ այլ ազգի երաժշտություն հիշեցնող մելիզմներ, սա մաքուր էստրադային երգ է, որը անմիջապես իմ սիրտը գրավեց: Հուսամ՝ այս երգը շատ զույգերի համար խորհրդանշական կլինի, քանի որ գեղեցիկ սիրո մասին է»:
Տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Երեմյանն է: Այն նկարահանվել է Մոսկվայում, և ինչպես Գևորգը նշեց, բավականին մեծածավալ աշխատանքի արդյունքում հասել են ցանկալի արդյունքի.
«Երբ որոշեցինք, որ պետք է նկարահանենք այս տեսահոլովակը, հասկացանք, որ Մոսկվայում այն առավել հաջող կստացվի, անմիջապես պատկերացրինք, թե ինչպես ու որտեղ այն կնկարահանենք: Իհարկե, պետք է խոստովանեմ, որ օտար երկրում տեսահոլովակ նկարահանելն այնքան էլ հեշտ չէ, բայց մեզ շատ օգնեցին մեր ընկերները ու, կարծում եմ, արդյունքը լավ է ստացվել»,- նկատեց նա:
Տեսահոլովակում նկարահանված հերոսուհու ընտրությունը Գևորգն ու իր թիմը բավականին դժվար են իրականացրել.
«Մեզ պետք էր աղջիկ, ով կկարողանար պրոֆեսիոնալ պարել, միևնույն ժամանակ կլիներ գեղեցիկ ու հաճելի: Իրականում, շատ փնտրեցինք նման մեկին, դա ամենադժվար աշխատանքն էր: Ի վերջո նրան գտանք մեր ընկերոջ՝ Բարոնի միջոցով: Այդ աղջկան հենց տեսանք, հասկացանք, որ մեզ հենց նման կերպար էր պետք, ու անմիջապես անցանք գործի: Պետք է ասեմ, որ տարբեր ազգի լինելը խոչընդոտ չէր առաջացնում, բավականին թեթև նկարահանում ենք ունեցել»,- ավարտեց երգիչը: