WikiLeaks պորտալը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր բաժին է հրապարակել Vault 7 ընդհանուր անվանումը կրող հրապարակումների շարքի շրջանակներում: Կիբեռլրտեսության գործիքների մասին «Բալենու ծաղկումը» վերտառությամբ փաստաթղթերի նախորդ փաթեթը հրապարակվել էր հունիսի 15-ին: Հերթական հրապարակումը նկարագրում է ԿՀՎ-ի կողմից որպես «Դաժան կենգուրու» անվանված նախագիծը: Ծրագիրն ընդունակ է առանց ուղղակի մուտքի թափանցել կազմակերպության համակարգչային ցանց: Այն «վարակում է» Համացանցին միացված ցանցի համակարգիչը և դրանում տեղադրում «Դաժան կենգուրու» վնասաբեր ծրագիրը:
Երբ օգտատերը վարակված համակարգչի մեջ դնում է USB-սարքը, դրանում ինքնաբերաբար տեղադրվում է մեկ այլ վնասաբեր ծրագիր, որը հետագայում փոխանցվում է այն բոլոր համակարգիչներին, որոնց կմիացնեն տվյալ սարքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: