«Գոլոս» շոուի ռուսական տարբերակի հինգերորդ սեզոնի ամենից «արյունարբու» և անարդար հատվածում՝ վոկալ մենամարտում, «երգի դասատուն» երկու տաղանդավոր մասնակիցներից, որքան էլ որ ծանր լինի նրա համար, ստիպված է ընտրել միայն մեկին։
Այս անգամ Դիմա Բիլանը որոշեց խաղալ հանդիսատեսի ու ժյուրիի անդամների նուրբ զգացմունքների վրա՝ իր «խնամարկյալներին» պատվիրելով որպես զուգերգ կատարել Սոսո Պավլիաշվիլու հանրահայտ՝ «Աղոթենք ծնողների համար» երգը։ Տորնիկե Կվիտատիանին ու Վլադի Բլայբերգն այնպես վարպետորեն կատարեցին երգը, որ ժյուրիի բոլոր անդամները, այդ թվում Գրիգորի Լեպսը, չկարողացան զսպել արցունքները։
Հեռուստահաղորդաշարի եթերում նման զգացմունքային լարվածություն վաղուց չէր եղել։ Ախոյանների կատարողական բարձր արվեստի գաղտնիքն, ըստ մասնագետների, թերևս այն էր, որ երգչական տվյալներից զատ՝ նրանք անձնական կյանքի պրիզմայով անցկացրին երգը, և հաջողությունն արդեն ապահովված էր․երկուսն էլ, հանգամանքների բերումով, ծնողների հետ կապված ուժեղ ապրումներ են ունեցել կյանքում։ Վլադին երբեք չի տեսել իր կենսաբանական հորը և ամբողջ էությամբ ձգտում է նրան գտնել, Իսկ Տորնիկեն դեռ վաղ հասակից էր զրկվել հորից։