Այսօր հաղորդավար և երգիչ Հակոբ Հակոբյանը նշում է ծննդյան 29-ամյակը: Life.pamorama.am-ի հետ զրույցում Հակոբը պատմեց ողջ գիշեր ծննդյան օրը նշելու, գլխավոր անելիքների և անձնական կյանքի մասին:
«Բավականին բուռն է սկսվել տարեդարձս: Աշխատանքի վայրում էի՝ երևանյան ժամանցի կենտրոններից մեկում, երբ ինձ համար անակնկալ կերպով բեմ բարձրացավ երգչուհի Ալինա Կիրակոսյանի ընկերուհին, նա Ալինայի հագուստով սկսեց երգել, որից խառնվեցի իրար, մտածեցի Սոչիից եկել է, բայց հեռվից հեռու իմ լավ ընկերը չէր մոռացել ինձ համար անակնկալ անել: Հետո բեմ բարձրացան ընկերներս, նրանք այնքան շատ էին, անդադար ծաղրածուի հագուստով, տորթով, փուչիկներով ընկերներս ներս էին մտնում, թվում էր, թե այդ հոսքը չի դադարի: Ներկաները ևս խառնվել էին իրար: Մի խոսքով անմոռանալի իրավիճակ էր, որից շատ էի երջանկացել, պատկերացրեք՝ մինչև լուսաբաց ընկերներիս հետ նշել եմ տարեդարձս: Գիտեք, երբ տեսնում եմ, թե ինչքան մարդ է ինձ սիրում, իսկապես հուզվում եմ, չէ որ դա անփոխարինելի հարստություն է»,- պատմեց Հակոբը՝ նշելով, որ այսօր տոնական տրամադրությունը կշարունակվի. մինչև 20:00-ն ընտանիքի հետ կանցկացնի, որից հետո տարեդարձը կշարունակի նշել ընկերների հետ:
Խոսելով նոր տարիքի մասին՝ Հակոբը նկատեց.
«Հետաքրքիր զգացողություններ ունեմ: Այս տարի չեմ կենտրոնանում տարիքիս վրա, բայց շատ անհամբեր սպասում եմ 30-ին: Ներքին մի զգացողություն ունեմ, որ 30-ում ինձ հետ կատարվելու է շատ կարևոր մի իրադարձություն, որը կփոխի կյանքս»:
Երգչի անձնական կյանքում հիմա խաղաղ իրավիճակ է, հետաքրքրվելով, թե չի՞ մտածում ամուսնության մասին, պատասխանեց.
«Անկեղծ ասեմ՝ ինձ թվում է դա ևս ինձ հետ կկատարվի 30-ում: Կյանքի ընթացքը, հարաբերությունները, ժամանակը, աղջիկների վերաբերմունքը բերել են նրան, որ հիմա առանձնապես այդ դաշտի փոփոխության կարիք էլ չեմ զգում: Ես չգիտեմ, թե ով կզբաղեցնի այդ տեղը, բայց նրան, ում կսիրեմ, կլինի իմը, միակը, անկրկնելին, կատարյալը՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Բնավ կարևոր չէ, որ նա ունենա մոդելային կառուցվածք, բայց որ կլինի խելացի ու համակրելի, հաստատ է»:
Հակոբ Հակոբյանն ինքն իրեն մաղթում է ունեցածի պահպանում.
«Գիտեք, երեկ ու այսօր նկատեցի, որ մարդիկ ինձ բարեմաղթանքներ հղելիս՝ նշում են, որ մնամ այնպիսին, ինչպիսին կամ՝ բարի, սրտացավ: Դրանից առավել մեծ հաճոյախոսություն չի կարող լինել: Մարդիկ իմ կողքին են, ոչ թե նրա համար, որ ես գումար ունեմ, կամ հայտնի եմ, այլ, որովհետև ինձ սիրում են այն բոլոր արժանիքների համար, որն ունեմ: Իսկ ինքս ինձ այս պահի համար մի կարևոր մաղթանք ունեմ. սկսել եմ երգչի կարիերան, իսկ նոր ոլորտում հայտնվելը այքան էլ հեշտ գործ չէ: Այնպես որ, ուզում եմ հաջողության հասնել այս ոլորտում, որպեսզի և ես, և հանրությունը գոհ լինի արածս աշխատանքից: Ի դեպ՝ քույրս Մոսկվայում է ապրում, և եթե անցյալ տարի նա այնտեղից տորթ էր պատվիրել իմ մասնկացությամբ բոլոր հաղորդումների լոգոտիպերով, ապա այս տարի նա կրկին տոնական տորթ էր պատվիրել արդեն դաշնամուրի ստեղնաշարով և միկրոֆոնով: Ես շատ ուրախացա, երբ այն տեսա, քանի որ իսկապես շատ եմ ուզում այդ ոլորտում հաջողության հասնել: Տոնական տորթի թեմայի շրջանակում մի գաղտնիք բացեմ. քույրս բալաիկի է սպասում, նա մեզ մի երջանկություն արդեն նվիրել է՝ մեր Միլանային, իսկ հիմա սպասում է փոքրիկ Տիգրանին, ով երկու ամսից կծնվի: Տոնական մոմերը փչելիս՝ ես հենց նրանց մասին եմ մտածել: Ուզում եմ, որ քույրս բարեհաջող ծննդաբերի և մեզ ևս մեկ հրաշք պարգևի: Այս պահի ամենամեծ ցանկությունս դա է»,- պատմեց նա:
Հոբելյարը զրույցի ընթացքում խոստովանեց նաև, որ ամեն օր շնորհակալ է Աստծուն.
«Առանց չափազանցության՝ ամեն օր, եթե ոչ օրը մի քանի անգամ ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ հարազատներս առողջ են: Նրանց ողջ ու առողջ լինելն ինձ ուժ է տալիս: Շնորհակալ եմ, որ կողքիս են, շնորհակալ եմ, որ ինձ տալիս են էն կարևոր էմոցիաները, որը օգնում է առավել գեղեցիկ ապրել»,- ավարտեց Հակոբ Հակոբյանը: