Երիտասարդ դերասանուհի Աննա Սարգսյանն այսօր նշում է 16–ամյակը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ոգևորությամբ պատմեց, որ օրը սկսվել է մեծ անակնկալով։
«Օրս անակնկալներով լի սկսվեց։ Կեսգիշերին ընկերներս եկել էին մեր տուն։ Անգամ չեմ զգացել, թե ինչպես են հայտնվել մեր տան պատշգամբում։ Իմ սենյակում էի, ձայներ լսեցի, երբ իջա ներքև, շատ անսպասելի էր տեսնել բոլոր ընկերներիս։ Հավաքվել էին այն ընկերներս, որոնք իրար չէին ճանաչում։ Նախապես կապվել էին իրար հետ և որոշել, որ պետք է միասին գան մեր տուն։ Շատ շնորհակալ եմ իրենց և շատ զգացված եմ նման վերաբերմունքի համար»,- պատմեց Աննան։
Դերասանուհին նկատեց, որ այս տարի նշում է իր կյանքի ամենատպավորիչ ծննդյան օրը։ Իր կյանքի երջանիկ օրերից մեկը հենց այսօր է։
Դերասանուհին այսօր խնջույք է կազմակերպել տարեդարձի առթիվ։ Նրա խոսքով` հյուրընկալելու է միայն շատ մտերիմ մարդկանց։ Տորթի մոմերը փչելիս նա, անպայման, պահելու է երազանք։ Վստահ է` այն կիրականանա։ «Մի քանի տարի է` նույն երազանքն եմ պահում, սակայն այն երբեք չեմ բարձրաձայնում։ Այդ երազանքս շատ մեծ է։ Համոզված եմ, որ տարիների ընթացքում կիրականանա։ Առհասարակ, չեմ սիրում, երբ երազանքն այդպես էլ մնում է։ Ինձ մոտ 1 օրվա ընթացքում է ծնվում երազանքը, 1 օրվա ընթացքում էլ դառնում է նպատակ, որը փորձում եմ իրականացնել ամեն գնով»,– ընդգծեց նա։
Խոսելով օրվա նվերիների մասին` նա ասաց, որ այսօր ստացած նվերը ևս մեծ անակնկալ է եղել իր համար։ «Շատ գեղեցիկ նվեր եմ ստացել ընկերներիս կողմից։ Շատ էի ուզում այդ նվերը, բայց շատ անսպասելի էր, որ հենց այսօր կստանամ այն։ Չեմ ուզում բարձրաձայնել` ինչ նվերի մասին է խոսքը, քանի որ դա անձնական է։ Ինձ համար, իսկապես, շատ մեծ նվեր էր»,– ուրախությամբ նշեց Աննան։