71-ամյա կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահը մեծ կորուստ էր բոլորի համար, իսկ արվեստագետների համար` հատկապես: Life.panorama.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանն իր ցավակցությունը հայտնեց Ռ. Գևորգյանցի հարազատներին ու արվեստագետներին:
«Ես այնքան եմ ցավում, որ մեր երկրում իսկական արվեստագետները շատ քիչ են մնացել ու գնալով էլ պակասում են: Նրանց ամեն մեկի կորուստը մեծ ցավ է բոլորիս համար: Այն ներդրումը, որն ունեցել է Ռուբեն Գևորգյանցը հայկական կինոարվեստի զարգացման գործում, անփոխարինելի է: Նա իր արվեստով սերունդներ է դաստիարակել, կրթել ու ճիշտ ճանապարհը մատնացույց արել: Այն, որ նա այլևս մեզ հետ չէ, ինձ մեծ ցավ է պատճառում, ես իսկապես շատ եմ ցավում»,- նշեց Լ. Մնացականյանը:
«Ռուբեն Գևորգյանցը պայքարում էր հիվանդության դեմ, և դա անում էր` շատ սիրելով կյանքը: Նա աննկարագրելի դրական վերաբերմունք ուներ, հավատում էր, որ կառողջանա և կար մի ժամանակ, երբ նա իսկապես իրեն լավ էր զգում: Նա այն մարդկանցից էր, ում հետ զրուցելն արդեն շատ հետաքրքիր էր, մենք բազմիցս ենք կարծիքներ փոխանակել, կինոդիտումներից հետո` կիսվել մեր մտքերով: Արվեստի նկատմամբ նա ուներ շատ խիստ մոտեցում, որը և բոնորոշ է իսկական արվեստագետներին»,- հավելեց ՀՀ վաստակավոր արտիստուհին: