Ռոման Պոլանսկի. հետպատերազմյան տարիների խոշորագույն ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան և սցենարիստ: Աշխատել է Լեհաստանում (1953-1962թթ.), Մեծ Բրիտանիայում (1963-1967թթ.), ԱՄՆ-ում (1968-1976թթ.) և Ֆրանսիայում (1976թ.-ից)։ Կինեմատոգրաֆիայի ասպարեզում արժանացել է մի շարք կարևորագույն մրցանակների ու պարգևների, այդ թվում` Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ», Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ», Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»` ստեղծագործական կյանքի ընթացքում կատարած ձեռքբերումների համար, «Օսկար», «Սեզար», «Ոսկե գլոբուս», BAFTA` լավագույն ռեժիսորական աշխատանքի, ինչպես նաև՝ եվրոպական կինոակադեմիայի «Ֆելիքս»` լավագույն ֆիլմի, ռեժիսուրայի և կինեմատոգրաֆիայի զարգացման համար կատարած ներդրումների համար:
Ես ստվերներ սիրում եմ ֆիլմում, բայց ո՛չ կյանքում:
Մարդկանց հիշողությունը կարճ է: Երբ սկսվեց Կոսովոն, Բոսնիայի մասին հասցրել էին մոռանալ, էլ չեմ ասում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Հիշում եմ, երբ պատերազմն ավարտվեց, և հայրս վերադարձավ համակենտրոնացման ճամբարից, նա ասաց. «Գիտես, 50 տարի անց բոլորը կմոռանան այս մասին»:
Չափից շատ հարցեր մի տվեք ինքներդ Ձեզ: Դա քառասունոտնուկի համախտանիշ է: Քառասունոտնուկին հարցրին, թե ինչ հերթականությամբ է նա դնում ոտքերը, և նա այլևս չկարողացավ քայլել:
Հաղթահարել դժբախտությունը՝ նույնն է, ինչ սեղմել ավտոմեքենայի արգելակը: Դա կատարվում է բնազդորեն: Դու կամ կենդանի ես մնում, կամ զոհվում ես:
Ըստ իս, հակաբեղմնավորիչ հաբերը փոխել են կանանց հոգեբանությունը: Եթե մտածենք միլիոնավոր կանանց մասին, որոնք ամեն օր ընդունել և ընդունում են հորմոններ, պարզ է դառնում, որ դա չէր կարող անհետևանք մնալ: Ես իսկապես հավատում եմ, որ առանց հաբերի՝ ֆեմինիզմը չէր հասնի աբսուրդի այսպիսի աստիճանի:
Իմ կարծիքով՝ Հոլիվուդում չեն սիրում կինո նկարել: Այնտեղ սիրում են գործարքներ կնքել:
Նրանց համար, ովքեր հասարակության աչքի առջև են, գոյություն ունի ուրույն արդարադատություն:
Իմ դեմ չի եղել ոչ մի դավադրություն: Մեղավոր եմ միայն ես ինքս, և իմ մեղքը շատ ավելի մեծ էր, քան Բիլ Քլինթոնինը (խոսքը գնում է անչափահասի հետ կապի մասին):
Թմրանյութերը, հանգստանալու համար, դեռ կարելի է արդարացնել: Իսկ ինչ-որ ելքի համար դա ծիծաղելի է:
Կինոն կինո է: Իսկ կյանքը կյանք է:
Շողոքորթեք դերասաններին: Նրանք չեն կարող դրան դիմակայել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը