Մկրտիչ Արզումանյանը՝ «Դե ժպտա» տեսահոլովակի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մկրտիչ Արզումանյանը՝ «Դե ժպտա» տեսահոլովակի մասին. life.panorama.am

Օրերս համացանցում է հայտնվել «Դե ժպտա» տեսահոլովակը, որտեղ հայ հայտնիներից մի քանիսը համախմբվել են կարևոր նախագծի շուրջ՝ ժպիտ պարգևել ԵՊԲՀ «Մուրացան» Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայում ու առհասարակ դարի սարսափելի հիվանդության դեմ բուժվող և արդեն իսկ հիվանդությունը հաղթահարած փոքրիկներին:

Նախագծի պրոդյուսերը դերասան Մկրտիչ Արզումանյանն է, ով Life.panorama.am-ին պատմել է այս աշխատանքի մանրամասների մասին:

«ԵՊԲՀ «Մուրացան» Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի բուժանձնակազմի մտահղացմամբ կայացավ այս աշխատանքը: Հենց բժիշկների մոտ էր առաջացել այս գաղափարը՝ ստեղծել հոլովակ, որը ժպիտ կպարգևեր ծանր հիվանդությունը հաղթահարած և այդ ճանապարհին գտնվող երեխաներին: Որպես լավ ընկեր՝  նրանք ինձ առաջարկեցին զբաղվել այդ գաղափարի պրոդյուսինգով, ես էլ մեծ սիրով համաձայնեցի. Ի դեպ՝ շատ շնորհակալ եմ, որ այդ գործում հենց ինձ են տեսել, ես ուրախ եմ, որ կարողացա ինչ-որ կերպ օգտակար լինել»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը:

«Դե ժպտա» երգի հեղինակն է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը՝ Կարեն Ամյանը: Մասնակցել են Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Անահիտ Շահբազյանը, Միհրան Ծառուկյանը, Քրիստինե Պեպելյանը, Ռոլանդ Գասպարյանը, Յանա Հովհանիսյանը, Արամ MP3-ը և Մկրտիչ Արզումանյանը:

«Իրականում մի քանի երգերի շուրջ էինք տատանվում, բայց ի վերջո ընտրվեց սա, որը կարծում եմ իսկապես շատ գեղեցիկ երգ է: Իհարկե, ավելի շատ հայտնիներ կցանկանայինք ներգրավել այս աշխատանքում, բայց ֆիզիկապես չէինք կարող, ուստի ընտրեցինք նրանց, որոնց այս աշխատանքի համար ավելի նպատակահարմար գտանք, ու որոնք նաև շատ սիրված են երեխաների կողմից: Շատ լավ թիմ ենք ունեցել, բոլորն էլ սրտացավորեն միտված էին լավ աշխատանքի կայացմանը: Կարևոր է, որ շատ են մարդիկ, ովքեր իսկապես ցավում են ու պատրաստ են որևէ կերպ օգնություն ցույց տալ տարբեր հիվանդությունների դեմ պայքարող մարդկանց»,- հավելեց դերասանը:

«Դե ժպտա» տեսահոլովակի հերոսները հենց ծանր հիվանդությունը հաղթահարած և դեռևս բուժման ընթացքում գտնվող երեխաներն են՝ Ռոմանը, Էդգարը, Գոռը, Միքայելը, Էդուարդը, Էդմոնը, Սելենան, Սարգիսը, Աստղիկը, Ժաննան, Սարգիսը, Նարեկը և Հայկը: Հետաքրքրվելով, թե ինչպես են ընթացել փոքրիկների հետ նկարահանումները, մեր զրուցակիցը պատմեց.

«Նախ պետք է շեշտեմ, որ մեզ համար մեծ պատիվ էր այդ ուժեղ փոքրիկների հետ նկարահանվելը: Նրանք մեծ ուրախությամբ ու անկաշկանդ նկարահանվում էին, ուզում էին իրենք էլ այդ աշխատանքում մի լումա ունենալ և իրենց իսկ օրինակով այդ խնդրի առաջ կանգնած մյուս երեխաներին ուժ տալ:  Մեր տեսահոլովակի բոլոր երեխաներն իսկական հերոսներ են, նրանք այնքան ծանր խնդրի միջով են անցնում, որ նրանց հետ շփումը յուրաքանչյուրի համար մեծ պատիվ պետք է լինի»:

 



Նման նյութեր