Պոստ Ֆակտում. Մշակութային ռենեսանս. armeniatv.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պոստ Ֆակտում. Մշակութային ռենեսանս. armeniatv.am

Արթուր Ջանիբեկյանի Մշակութային վերածնունդ հիմնադրամը տպագրել է Եկմալյանի սուրբ պատարագը: Սա գիրք իրադարձություն է, որ տեղի է ունենում 120 տարվա մեջ առաջին անգամ: Ի՞նչ նշանակություն ունի այս գիրքը Առաքելական եկեղեցու համար և ո՞րն է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՌԵՆԵՍԱՆՍ-ի հաջորդ թիրախը:

Մի քանի րոպե էլ ու խմբավարն իր երաժիշտներին երկար սպասված անակնկալը ցույց կտա` Մակար Եկմալյանի, Սուրբ Պատարագն է` նոր հրատարկությամբ, նոտաներով, տառադարձությամբ ու ծանոթագրությամբ: Ու սկսվում է Աստվածային երաժշտությունը: Կամերային երգչախումբն առաջին անգամ «Սուրբ-Սուրբը» կատարում է նոր ոչ թե նոտաների տետրից, այլ նոր հրատարակված գրքից:

Մաեստրո Թոփիկյանը գիրքը ձեռքից բաց չի թողնում: Երկար էին սպասել: Եկմալյանի պատարագը նման շքեղ հրատարակությամբ մեկ էլ լույս էր տեսել 1896-ին, ոչ Հայաստանում` Լայպցիգում: Դա առաջինն ու, մինչև այս պահը, միակ ամբողջական հրատարակությունն էր:

Գրքերի ծանր կապոցով հասնում են Էջմիածին: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը հրատարակությունը նախ ներկայացնում է Մայր Աթոռում: Երբ դեռ միայն գրքի գաղափարը կար, խնդրեցին կաթողիկոսի ու Մայր Աթոռի օրհնությունը:

Նաթան Սրբազանն աչքը կտրել հրատարակությունից չի կարողանում: Հայ եկեղեցու գլխավոր ծեսի այս ակադեմիական հրատարկությունը հոգևոր աշխարհում բացառիկ իրադարձություն է :

Ամեն ինչ սկսվեց 2013-ին, երբ ստեղծվեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը: Հիմնադրամ ստեղծելու ու մշակութային ժառանգությունը հավաքելու ու թվայնացնելու ու պահպանելու գաղափարը Արթուր Ջանիբեկյանինն էր:

Երաժիշտների ու մասնագետների թիմը նախ հավաքեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության ձեռագիր ու նոտագիր տարբերակները, ձայնագրեց, հետո նաև` թվայնացրեց: Հայերեն ժողովրդական, հոգևոր ու աշուղական հարյուրավոր ստեղծագործություններ այսօր արդեն armenianmusic.am հասցեում են` լսելու ու ներբեռնելու համար: 100 տարի անց, հրատարակվեց նաև Կոմիտասի «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ընտրանին:

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրենն ինքը կոնսերվատորիայի շրջանավարտ է: Հիշում է, երբ կատարում էին համաշխարհային լավագույն գործերը, հաճախ էին ափսոսում` ինչու հայ մեծերի գործերը նույնքան հասանալի չեն աշխարհին:

120 տարի անց, Եկմալյանի պատարագն ունի նոր, ժամանակակից ու նույնիսկ ավելի հաստափոր հրատարակություն:

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի խորհրդատու, երաժիշտ Արթուր Շահնազարյանն արդեն հազարերորդ անգամ է թերթում Եկմալյանի պատարագը: Գրքի հրատարակությունը երաժշտական ու հոգևոր իրադարձություն է, բայց այն ունի նաև շատ կիրառական, ամենօրյա նշանակություն` հատկապես Սփյուռքի ու օտարների համար:

Մինչ մասնագետները քննարկում են, թե որքան շատ ուներ երաժշտական աշխարհն այս հրատարակության կարիքը, երաժիշտները հենց գրքից կատարում են Սուրբ Պատարագը:

armeniatv.am